Ռուսաստանը ռիսկի է դիմում՝ Սիրիայի պատճառով վատացնելով հարաբերություններն Իրանի հետ. Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Սիրիայից դուրս բերել իր ռազմատիեզերական ուժերի հիմնական մասը, կարող է հանգեցնել Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունների սառեցման, գրում է Bloomberg-ը:
Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Ռուսաստանի որոշումն անվանել էր «դրական նշան», սակայն իրանամետ տարածաշրջանային թերթերը գրում են, որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիքի տակ են դնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի վերջին առաջխաղացումները ու կարող են ստիպել Իրանին, որը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Սիրիայում, նույնպես հետ կանչել իր զինվորականներին:
Մոսկվայում ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռաջաբ Սաֆարովի խոսքով՝ Պուտինի որոշումն անակնկալի է բերել Իրանին: Իրանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը Սիրիայում դիտարկում է իրադարձությունների «արմատական» զարգացում:
«Թեհրանի համար Սիրիան առանց Բաշար Ասադի արդեն Սիրիա չէ»,- հայտարարել է Սաֆարովը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր սկսել Սիրիայից դուրս բերել իր rազմատիեզերական ուժերի հիմնական մասը: