Վադիմ Մուրադյանը հերքել է իր ձերբակալության մասին տարածված լուրերը
ՌԴ մշակույթի նախարարության ներդրումային քաղաքականության և գույքի կառավարման բաժնի փոխտնօրեն Վադիմ Մուրադյանը հերքել է իր ձերբակալության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը: «Ողջ եմ, առողջ, նստած աշխատում եմ, ոչ ոք ինձ չի ձերբակալել»,- «Ռիա-նովոստիի» հետ զրույցում ասել է Մուրադյանը:
Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր, որ գործ է հարուցել ՌԴ մշակույթի նախարարության մի շարք բարձրաստիճան աշխատակիցների և ձեռնարկետերերի նկատմամբ` մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար բյուջետային միջոցների յուրացման գործով, խուզարկություններ են անցկացվում: Միևնույն ժամանակ գործով անցնող մեղադրյալների անունները չէին նշվում:
ԶԼՄ-ների տվյալներով` ձերբակալվել էին գույքի կառավարման վարչության պետ Բորիս Մազոն և նրա տեղակալ Վադիմ Մուրադյանը: «Ռիա-նովոստի»-ն այդ տեղեկատվության առնչությամբ պաշտոնական հաստատումների դեռևս չի տիրապետում: