Բաժիններ՝

Մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել կասկածյալների վրա. նշանակվել են փորձաքննություններ

Ի լրումն՝ Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են երկու եղբայրներ։ Վերջիններիս նկատմամբ ևս նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 13-ին Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով 1 անչափահաս մահացել է, ևս 5 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց։ Բոլոր տուժածներն էլ Սարի-Թաղի բնակիչներ են։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Քրեական գործով նախաքննության ընթացքում մարտի 15-ին ինքնակամ ներկայացել են Սարի Թաղի երկու բնակիչ՝ Պետրոսյան եղբայրները, փաստաբանի հետ միասին՝ հայտարարելով, որ իրենք ևս մասնակից են եղել նշված վիճաբանությանը, որի ժամանակ ծեծի են ենթարկվել։

Նախնական տվյալներով՝ եղբայրներից մեկի մոտ դեպքի օրը եղել է դանակ, ով որպես կասկածյալ ցուցմունք է տվել՝ իրադարձությունների զարգացման վերաբերյալ, ապա խնդրել ընդհատել հարցաքննությունը՝ ինքնազգացողության վատթարանալու պատճառով։ Առողջական վիճակից դժգոհել է նաև մյուս եղբայրը և հրաժարվել ցուցմունք տալուց։

Պետրոսյան եղբայրները ձերբակալվել են որպես կասկածյալ, ենթարկվել բուժզննման։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ եղբայրների վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը, բնույթը, վաղեմությունը պարզելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով հարցաքննված տուժողների, կասկածյալների ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս