Ստամբուլում խուզարկվում են կասկածելի ավտոմեքենաները
Թուրքիայում ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում իրավապահ մարմինները որոշում են կայացրել հանրային կարգի ապահովման նպատակով Ստամբուլում խուզարկել ցանկացած կասկածելի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում ոստիկանությունը կասկածելի ավտոմեքենաներում խուզարկություն է իրականացրել: Հարցաքննվել են նաև դրանցում գտնվող կասկածելի անձինք:
Հիշեցնենք, որ Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է:
Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, այն խլել էր 29 քաղաքացու կյանք: