Գողություն առանձնատնից
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի առանձնատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևանի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի պատուհանը, ապօրինի մուտք գործել տուն, հափշտակել ոսկյա զարդեր և սրբապատկեր ու դիմել փախուստի՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված առանձնատանը տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես մի տղամարդ մուտք է գործում տուն, որոշ ժամանակ հետո դուրս գալիս ու հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: