Գյումրու ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար բնակարաններ գնելու դրամահավաքը գերազանցել է սպասելիքները
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնության հեղինակներ՝ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը և «Երևանը Գյումրիի կողքին է» դրամահավաքի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեցին Գյումրիում ընտանիքների համար բնակարան գնելու դրամահավաքի մինչ օրս եղած արդյունքները:
Ինչպես նշեց «Երևանը Գյումրիի կողքին է» նախաձեռնության հեղինակ Մաքսիմ Սարգսյանը՝ սպասելիքները գերազանցել են. «Ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ այս անգամ մեր սպասելիքները գերազանցվել են՝ բնակարաններ կստանան նաև Գյումրու այն անօթևանները, որոնք ընդգրկված չեն եղել ցանկում: Մյուս շահառուները կընտրվեն թափանցիկ կերպով, բնակարանները կհատկացվեն ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներին:
Նա նշեց, որ 11 բնակարաններից բացի՝ խոստացվել է ևս երկու բնակարան. «Այս երկու բնակարանների հարցը հստակ չէ, չէի ցանկանա օդում ասել, բայց որ խոստացվել է մի ամերիկահայուհու և պատգամավորի կողմից՝ հստակ է: Բացի այդ, միջազգային «Crowdfunder» կայքում այս պահի դրությամբ հավաքվել է 26 000 ֆունտ ստեռլինգ, իսկ բարեգործական համերգների և փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87000 ՀՀ դրամ »,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ SOS թիմի անդամներին հաջողվել է բանակցել միջազգային Crowdfunder կայքի հետ ու դրամահավաքին անհրաժեշտ գումարի շեմն իջեցնել մինչև 27 000 ֆունտի: Դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին:
Տեղեկացնենք նաև, որ մարտի 19-ին տեղի կունենա բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի կհանվեն Մադրիդի «Ռեալի» և Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկները և դրոշը՝ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինիեստայի, Տիերի Անրիի ու թիմի 10 աստղերի ստորագրությամբ:
Մաքսիմ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ մարտի 20-ին, ժամը 17:00-ին Երևանի Հյուսիսային պողոտայում նախատեսվում է բարեգործական համերգ, որին կմասնակցեն էստրադային 30 երգիչ-երգչուհիներ և խմբեր, այդ թվում՝ «Ռեինկարնացիա» խումբը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Մերի Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սոնան, և այլք:
Հիշեցնենք, որ դրամահավաքին անդրադարձել էին միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցուցաբերել Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ից հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: Իսկ գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանն անօթևաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ: