Բաժիններ՝

Հայկական Rozen Tal խումբը միացավ գյումրեցիների համար անցկացվող դրամահավաքին

Հայկական Rozen Tal երաժշտական խումբը միացել է Գյումրու 13 ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նախաձեռնությանը: Մարտի 13-ին տեղի ունեցած համերգի ողջ հասույթը խումբը նվիրաբերում է նախագծի իրականացմանը:

«Երբ առաջին քայլերն էին ձեռնարկվում իրականցնելու բարեգործական ակցիան, ես արդեն ունեի ցանկություն մասնակցելու այդ ծրագրին»,- պատմում է խմբի կիթառահար և մեներգիչ Արմեն Եդիգարյանը: Տիգրան Համասյանի` Գյումրիում կայացած համերգի ընթացքում նրանց առաջարկել են միանալ դրամահավաքին` կազմակերպելով համերգ, և խումբը համաձայնել է:

Խմբի անդամները նաև կարծիք հայտնեցին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոմից անցկացվող ամենամյա մարաթոնի ընթացքում հավաքված գումարի որոշ մասն էլ կարելի էր հատկացնել խնդրի վերացմանը: Նման հարցերի լուծումը չի կարելի թողնել բարերարների կամ սրտացավ մարդկանց հույսին, որքան էլ նրանք պատրաստակամ լինեն օգնել: «Եթե համակարգը ճիշտ է աշխատում, ամեն ինչի համար էլ գումար կարելի է գտնել»,- ասում է թմբկահար Նարեկ Թովմասյանը: Հազարավոր ընտանիքներին տնով ապահովելն, իհարկե, հեշտ չէ, սակայն ըստ Rozen Tal-ի` 27 տարվա մեջ որոշ քանակի գումար տնտեսելով կառավարությունը կարող էր գոնե որոշ չափով օգնել անօթևան գյումրեցիներին:

Արմենը պատմեց, որ ինքն ամեն օր անցնում է Հաղթանակի զբոսայգով և կտրված ծառերի տեղում տեսնում է շքեղ առանձնատներն ու ավտոտնակները: «Այդ ավտոտնակներից մեկը կառուցելու փոխարեն անօթևան ընտանիքներից գոնե մեկի համար կարելի էր գնել մի բնակարան, ասենք` Գյումրու ծայրամասում»,-ասում է կիթառահարը:

Խումբը նշում է, որ թեև Արմենը և բաս կիթառահարը` Հարությունը, ծնունդով Գյումրիից են, սակայն միանշանակ պատրաստ են մասնակցել նաև այլ բարեգործական ակցիաների, եթե լինեն առաջարկներ: Նրանք ասում են, որ իրենց երաժշտությունը կապ չունի կոնկրետ այդ խնդրի հետ, բայց կապված է այդ ընտանիքներից յուրաքանչյուրի և նրանց զգացմունքների հետ:

Rozen Tal-ը ձևավորվել է 2015 թ. մայիսին, երբ Արմենի պատկերացումները ապագա խմբի մասին արդեն լիարժեք էին, և կային գրված մի քանի երգեր: Նա Հարությունի հետ սկսեց փորձերը, ապա խմբին միացավ Նարեկը: Rozen Tal-ի առաջին ելույթը կայացել է օգոստոսի 15-ին` հայկական River Fest բացօթյա փառատոնի ընթացքում, իսկ սեպտեմբերին տեղի է ունեցել նրանց առաջին մենահամերգը: Կիթառահարն ասում է, որ իրենց բոլոր երգերում զգացմունքներ են, որ դրվել են ինչ-որ կոնտեքստի մեջ ու դարձել պատմություն: «Մեր համերգին սզբից մինչև վերջ ներկա գտնվողները կհասկանան ընդհանուր կոնցեպտը. ամեն համերգին մենք փորձում ենք ցույց տալ կյանքի զարգացման փուլերը:»,- հավելեց նա: Երաժշտի խոսքերով` երգ գրելիս նա ոգեշնչվում իր իսկ առօրյայով, կենցաղով: Խումբն ունի 15 երգ, որոնցից 2-3-ը ցանկանում են մոտակա ժամանակներս հնարավորության դեպքում ձայնագրել:

Նարեկը, Արմենն ու Հարությունը կոչ արեցին անտարբեր չմնալ խնդրի նկատմամբ և հույս հայտնեցին, որ 13 ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը բարեհաջող ավարտ կունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս