Դեսպանը Աշոտ Սմբատյանը զբոսաշրջությունը համարում է հայ-գերմանական տնտեսական համագործակցության հիմնասյուն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մարտի 11-ին կազմակերպել է ընդունելություն Բեռլինում անցկացվող հեղինակավոր ITB միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի հայկական տաղավարում: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ կուսակցության անդամ Քլաուս Բրեմիգի գլխավորությամբ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, լրագրող ներ և զբոսաշրջության ոլորտի գործարարներ:
Հյուրերի համար Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հայ մեծանուն կոմպոզիտոների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել բեռլինահայ երաժիշտ Ստեփան Գանտրալյանը:
Նույն օրը՝ երեկոյան, ՀՀ դեսպանությունում կայացել է հանդիպում հայկական տաղավարում Հայաստանը և Արցախը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Աշոտ Սմբատյանը բարձր է գնահատել ոլորտի ներկայացուցիչների կողմից իրականացվող աշխատանքը և նշել, որ զբոսաշրջությունը հայ-գերմանական տնտեսական համագործակցության հիմնասյուներից մեկն է, և այն պետք է ավելի հզորացնել: