Ո՞րն է ընդդիմության խնդիրը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման առաջին շաբաթը ցույց տվեց, որ իշխանությունը կտրականապես դեմ է երեք բանի:

1/ Հրապարակել ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակները

2/ Իշխանությունը հրաժարվում է պարտականություն դնել ԿԸՀ-ի վրա, որ բոլոր տեղամասերում լինեն վեբ-տեսախցիկներ, եւ քվեարկության ու հաշվարկի ընթացքը հեռարձակվի համացանցային ուղիղ եթերով:

3/ Ամենակարեւոր բանը, որն իշխանությունը հրաժարվում է անել՝ անցկացնել իրապես համամասնական ընտրություններ, որտեղ կուսակցական ցուցակում նշված կլինեն միայն առաջին երեք հոգու անունը, իսկ ցուցակը լինի ընդհանուր ամբողջ հանրապետության համար:

Ընդդիմության կասկածներն առ այն, որ առաջարկվող նախագծի նպատակը օլիգարխների, գողականների եւ չինովնիկների թիմին 51 մանդատ ապահովելն է, կարծում եմ, հիմնավոր է: Մնացած հարցերում իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների: Ո՞րն է, ուրեմն, ընդդիմության խնդիրը: Իմ կարծիքով՝ կենտրոնանալ այս երեք խնդիրների վրա: Հանդես չգալ 6, 16 կամ 46 առաջարկներով: Չզբաղվել քաղաքական ժամավաճառությամբ, չընկնել քնարական զեղումների գիրկը եւ հասարակությանն էլ կողմնորոշել հենց այդ երեք կետերի շուրջ: Բայց ես վստահ եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները եւ տարբեր հասարակական կառույցներ այդ երկուսուկես ամսում խոսելու են հազարումի հարցերի շուրջ եւ այնպիսի «համերգներ» են տալու, որ այդ ֆոնի վրա Կրիլովի առակի քառյակը ներդաշնակության մարմնավորում կթվա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս