Իլհամ Ալիևը վիլլա է կառուցում Թուրքիայի Բոդրում ծովափին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վիլլա է կառուցում Թուրքիայի Բոդրում ծովափնյա վայրում: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական POLYFIN Geomembran ընկերության ֆեյսբուքյան էջին: Ընկերությունը ցուցադրել է Ալիևի վիլլայի տանիքի մեկուսացման աշխատանքների լուսանկարը: Որպես մեկուսիչ օգտագործվել է POLIFIN:
Թուրքական ԶԼՄ-ները 2013 թվականի մարտին գրել էին, որ Իլհամ Ալիեւը Բոդրումի Յալըքավաք վայրում 13 մլն դոլար եվրո արժողությամբ 17 հազար քառ.մ ընդհանուր մակերեսով եւ 145 մահճակալով հինգ աստղանի հյուրանոց է գնել: Հյուրանոցի անունը չի նշվել, բայց ասվում է, որ այն գտնվում է հունական Կալիմնոս եւ Լերոս կղզիներից տեսանելի հեռավորության վրա:
«Թուրան»-ը հաղորդում է, որ POLIFIN ընկերության մեկուսիչ նյութն օգտագործվել է Բաքվում եւ Գաբալայում բազմաթիվ օբյեկտների, այդ թվում` «Գյանջլիք» առեւտրային կենտրոնի, Հարկերի նախարարության եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի շենքերի, «Սադկո» զվարճանքի կենտրոնի, Baku White City ավանի, Գաբալայի միջազգային օդանավակայանի եւ այլնի շինարարության ժամանակ: