Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի բարեկամներին հորդորում է աջակցել հայամետ բանաձևերի ընդունմանը Կոնգրեսում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:

«Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ մարտի 14-ին ազգային զանգ կատարելու օրվան մասնակցելը դյուրին և արագ ճանապարհ է՝ աջակցելու հայամետ խնդիրներին: Դա միաժամանակ հիանալի հնարավորություն է Ձեր տանից, գրասենյակից, մեքենայից աջակցելու մեր իրավաբաններին, ովքեր մեկնում են Վաշինգտոն երկօրյա խորհրդատվության նպատակով»,- ընդգծել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայաստանի բարեկամները մասնավորապես պետք է ԱՄՆ կոնգրեսականներից խնդրեն աջակցել Ռոյս-Շերման նամակին, որով նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ընդունելու ԼՂ հարցով կոնգրեսականների նախաձեռնությունը, որը կարող է հարյուրավոր կյանքեր փրկել: Մյուսը Դոլդ-Փալոնե նամակն է, որը հորդորում է արտաքին օգնության օրենքում ավելացնել Արցախին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև աջակցել Հայաստանին՝ հովանավորելով սիրիահայ փախստականներին :

Բացի վերոնշյալ երկու նամակներից՝ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ակտիվիստներին իրենց կոնգրեսականներին հորդորել ընդունել Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.154 բանաձևը: Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունն սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում: Բանաձևը ՄիցացյալՆահանգների նախագահ Բարաք Օբամային կոչ է անում հայ-թուրքական հարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով: Բանաձևի նպատակն է նաև ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգային արխիվ:

Բացի այդ՝ հանձնախումբը հորդորում է աջակցել Հայաստանի հետ երկակի հարկումը բացառող համաձայնագրի կնքմանը, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ իր քաղաքացիների իրավունքները խախտելու համար, կոչ անել Օբամային որպես ցեղասպանություն ճանաչել Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի ու ասորիների, ինչպես նաև եզդիների, քրդերի դեմ իրականացվող զանգվածային ջարդերը:

Տեսանյութեր

Լրահոս