Ադրբեջանում սկսվել է հետնավթային ժամանակաշրջան. Ալիև
Ադրբեջանում սկսվել է հետնավթային ժամանակաշրջան, և մենք դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսությունը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին Բաքվի գլոբալ 4-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դա կապված չէ արտադրության կրճատմամբ, այլ նրանով, որ նավթի գինը քառակի նվազել է։ Ոչ ոք պատրաստ չէր դրան։ Մենք պետք է ակտիվորեն աշխատենք, որպեսզի նվազեցնենք դրա բացասական հետևանքները։ Ներկայում մեր ֆինանսական դրությունը կայուն է։ Մեր բյուջեն հաշվարկված է 1 բարել նավթի դիմաց 25 դոլար գնի հիման վրա։ Մեր Պետական նավթային հիմնադրամը բավականաչափ պահուստներ ունի։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում և ներկայում զբաղվում ենք տնտեսության դիվերսիֆիկացմամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ 2004-2014թթ. Ադրբեջանի տնտեսությունը եղել է աշխարհում ամենասրընթաց զարգացում ապրող տնտեսությունը: «Ադրբեջանի տնտեսությունը մրցակցությամբ 40-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում»,- ասել է Ալիևը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը տրանսպորտային ցանց է ստեղծում։
«Ադրբեջանն ունի աշխարհագրական կարևոր դիրք, դա հնարավորություն է տալիս զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքը։ Իր աշխատանքն է սկսել Արևելք-Արևմուտք միջանցքը։ Հավատում ենք, որ հաջորդ տարի կգործարկվի նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին։
Մենք ձգտում ենք ստեղծել միասնական տրանսպորտային գիծ։ Մեկ այլ կարևոր տրանսպորտային միջանցք է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։ Այդ տրանսպորտային միջանցքները ուժեղացնում են Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը, ծառայում մեր զարգացմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: