«Դա արդեն ապագա բանակցությունների հարց է». Շավարշ Քոչարյանը՝ գազի գնի մասին
Կառավարությունն այսօր համաձայնություն տվեց Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ ռուսական կողմը չհամաձայնի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Արդեն պատրաստի նախագիծը կա, որը համաձայնեցված է, և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի:
Դիտարկմանը, որ խոսք էր գնում գնի իջեցման մասին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Դա՝ այլ բան, բայց, համենայն դեպս, դա արդեն ապագա բանակցությունների հարց է, իսկ տվյալ պարագայում ստորագրելուց հետո կֆիքսվի 165 գինը»: Նա նշեց, որ խոսքը վերաբերում է կարճատև որոշմանը, «որպեսզի 165 գինը պահպանվի, որպեսզի բանակցություններ ընթանան ավելի արտոնյալ պայմանների մասին»: Հարցին, թե ինչո՞ւ է ռուսական կողմը հրաժարվում իջեցնել գինը, փոխնախարարը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ ժամանակավոր կնքվել են այս արտոնյալ պայմանները, որպեսզի ժամանակ լինի առավել արտոնյալ պայմանների շուրջ բանակցելու»: