«Խրամչիխինը Կովկասի մասնագետ չէ, նա Մոսկվայում կշիռ չունի». Սկակովը` Խրամչիխինի սկանդալային հոդվածի ու Սարգսյանի մոսկովյան այցի մասին

«Ալեքսանդր Խրամչիխինին ու Կրեմլին պետք չէ նույնացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի նախօրեին ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծական հոդվածին «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» ռուսական պարբերականում ու Սերժ Սարգսյանի այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ իր հոդվածում Խրամչիխինը փորձում է բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները, ինչը բավականին լուրջ քննադատական ալիքի պատճառ է դարձել հայաստանյան սոցցանցերում և ԶԼՄ-ներում: Հոդվածը որակվում է մինչև անգամ՝ դավաճանություն Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ որոշակի տեղեկատվական արտահոսք է եղել: Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե ո՞ւմ է այն պետք այս իրավիճակում, ո՞ւմ շահերին է ծառայում:

«Ալեքսանդր Խրամչիխինը բավականին յուրօրինակ հեղինակ է, ով ունի ոչ ադեկվատ հակումներ, մասնավորապես՝ նա բավականին հակաչինական տրամադրություններ ունեցող անձնավորություն է: Որքան էլ տարօրինակ չլինի՝ նա Ռուսաստանի համար չինական սպառնալիքն է համարում գլխավորը: Իրականության մասին նա փոքր-ինչ տարօրինակ պատկերացումներ ունի: Նա, իհարկե, կովկասյան տարածաշրջանի մասնագետ չէ, ուստի հասկանալի է, որ սա ինչ-որ մեկին անհրաժեշտ էր, և այդ տեղեկատվությունը, եթե համապատասխանում է իրականությանը, նրան փոխանցվել է ինչ-ինչ նպատակներով: Իսկ ո՞վ կարող է դա լինել, այլ հարց է:

Այդ հարցին կարելի է պատասխանել՝ իմանալով, թե որքանով է շրջանառության մեջ դրված տեղեկությունն արժանահավատ: Այստեղ միայն հարցեր են առաջանում, թե ում էր սա պետք, ում էր ձեռնտու և գլխավորը՝ որքանով են ճիշտ այս տվյալները: Խրամչիխինը լուրջ կապերի չի տիրապետում, նա փորձագետ է, ով աշխատում է մասնավոր կառույցում, ոչ մի տեղում նա կապեր չունի և նա այնպիսի ֆիգուր չէ, ով Մոսկվայում կշիռ ունի: Աֆրիկայի մասնագետը ևս կարող է Կովկասի մասին հոդված գրել, և Ադրբեջանում, Հայաստանում կարող են մտածել, որ դա Կրեմլի դիրքորոշումն է, բայց դա սխալ է»,- նման վստահություն հայտնեց Սկակովը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այցին, ապա ռուս վերլուծաբանի կարծիքով՝ բացի ԼՂ հակամարտությունից, ՀՀ-ԵՄ հարաբերություններից, կքննարկվի իրավիճակը տարածաշրջանում՝ ռուս-թուրքական լարվածության դիտանկյունից, քանի որ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար:

«Թուրքիան կարող է սադրանքների դիմել, իհարկե, չեն լինի ռազմական գործողություններ Թուրքիայի և Ռուսաստանի միջև, բայց Թուրքիան կարող է Ադրբեջանին մղել ինչ-ինչ ոչ ադեկվատ քայլերի: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա քննարկվելու է ուժերի հավասարակշռությունը և հետագա լարվածության հնարավորությունը: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը լավ հնարավորություն ունի կամուրջի դերակատարություն ստանձնել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս