Ռուսաստանը փորձում է պառակտել ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է պառակտել դաշինքը: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում:
Լրագրողը հարցրել է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն արձագանքում նրան, որ Մոսկվան ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպայում, «հովանավորում է ծայրահեղական խմբերին»՝ փորձելով «վերադարձնել Եվրոպան» ու պատժամիջոցներից խույս տալ «Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայում ագրեսիայի միջոցով»:
Ի պատասխան՝ Ստոլտենբերգը հայտարարել է, որ «չնայած Մոսկվայի՝ հարևան երկրներին վախեցնելու ու ՆԱՏՕ-ն պառակտելու փորձերին, դաշինքը պատասխանում է միության ամրապնդմամբ ու ադապտացնում է իր ռազմական կոնցեպցիան»:
Մասնավորապես, Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացումը դաշինքի արևելյան սահմանների մոտ, «թույլ կտա զսպել Ռուսաստանին»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքն անհանգստացած է Սիրիայում ու Միջերկրական ծովում ռուսական խմբավորման ուժեղացմամբ:
Նրա խոսքով՝ ի պատասխան ռուսական կողմի գործողությունների դաշինքը ստիպված է ավելացնել իր ռազմական ներկայությունը Թուրքիայում ու Միջերկրական ծովի արևելյան հատվածում: