«Դաշնակցության լիդերներն ի՞նչ պատասխան պետք է տան ժողովրդին». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համար զարմանալի չէր, որ հենց այդ որակի և բովանդակության Ընտրական օրենսգիրք պետք է հրապարակ իջներ: 168.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Սահմանադրության «կեղծված» հանրաքվեից հետո՝ նա սպասում էր նման որակի ԸՕ-ի նախագծի:

Նրա խոսքով՝ ԸՕ-ի նախագծային տարբերակն այդ Սահմանադրության կյանքի կոչմանը լիովին համապատասխանող տարբերակ էր. «Այդ Ընտրական օրենսգիրքն իմաստազրկում է ընտրությունները և ընտրություններին մասնակցությունը»:

Մեր այն հարցին, թե կոնկրետ ո՞ր դրույթների մասին է խոսքը, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ ԸՕ-ում յուրաքանչյուր հոդվածը միտված է այն բանին, որպեսզի կանխորոշի ընտրությունների արդյունքն այն ուժի օգտին, որն այդ ընտրությունների պահին վերահսկում է իշխանության ղեկը: Ըստ նրա՝ սա վերարտադրվելու և իր իշխանական դիրքերը պահպանելու համար է:

«Այս Սահմանադրությամբ՝ ուղիղ մանդատին տիրապետելու է միայն Ազգային ժողովը, իսկ նախագահը նշանակվելու է ԱԺ-ի կողմից, այլ ոչ թե ընտրվելու է քաղաքացիների կողմից: Այս պայմաններում նման ԸՕ-ի առաջ բերումը նշանակում է, որ հաստատվեց իմ այն գնահատականը, որ Հայաստանում ոչ թե սահմանադրական հանրաքվե է անցկացվել, այլ տեղի է ունեցել պետական հեղաշրջում: Այս ԸՕ-ով ապացուցվում է, որ ոչ թե կեսով է սահմանափակվել քաղաքացիների ընտրության իրավունքը, այլ՝ ամբողջությամբ, որովհետև այս ԸՕ-ն, ըստ էության, բոլոր նախադրյալներն է ստեղծում այն բանի համար, որպեսզի իշխող ուժը վերարտադրվի»,- նշեց մեր զրուցակիցը:

Հ. Հովհաննիսյանը թվարկեց, որ նածագծում ցուցակների հրապարակման պահանջն անտեսվել է, ընտություններին մասնակցածների ցուցակներն ընտրություններից հետո հրապարակելու հնարավորությունը բացառվում է, մատների թանաքոտման միջոցով ստուգելու ընտրություններին մասնակցելու գործընթացը և բացառելու կրկնակի քվեարկությունները բացառվել է. «Էլ չեմ ասում, մասնավորապես, դաշնակցականների այն կեղծ հայտարարությունները, որ անցնում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Մենք տեսնում ենք, որ այս ԸՕ-ն նախատեսում է ոչ թե 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգ, այլ 50 տոկոսանոց ընտրական համակարգ, եթե գործող Ընտրական օրենսգրքով խորհրդարանի տեղերի 60 տոկոսը համալրվում էր համամասնական ընտրակարգով, իսկ 40 տոկոսը՝ մեծամասնականով, այս ԸՕ նախագծով 50 տոկոսն է համամասնական ընտրակարգով, 50 տոկոսը՝ մեծամասնական ընտրական համակարգով»:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի տարածքը 13 ընտրատարածքների բաժանելը և այդ տարածքներում ռեյտինգային քվեարկություն անցկացնելը նշանակում է, որ նորից «հայտնի մականունավոր օլիգարխներն այդ ընտրատարածքներում իրենց սև գործը կանեն, և իշխող ուժը ստանում է ոչ թե՝ 40 տոկոս, այլ 50 տոկոս՝ այդ ռեյտինգային քվեարկությունների միջոցով»:

«13 օլիգարխներ կվերահսկեն ընտրություններն այդ տարածքներում, այսինքն՝ Հայաստանը բաժանվելու է 13 կալվածքների, և այդ 50 տոկոսը խորհրդարանական տեղերի բաշխվելու է այդ սկզբունքով»: Նրա խոսքով՝ 4 տարածքները բաժանվել են Գագիկ Ծառուկյանին, Ռուբեն Հայրապետանին, Մհեր Սեդրակյանին, Սամվել Ալեքսանյանին… «Այս 4-ին բաժանվել են Երևանի տարածքները, ու նրանք և անձնապես իրենց կողմից նշանակված մարդիկ կգան խորհրդարան: Հիմա հետաքրքիր է՝ Դաշնակցության լիդերներն ի՞նչ պատասխան պետք է տան ժողովրդին»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին էլ, թե հենց ՀՀԿ-ի համար վտանգավոր չէ՞ նման մարդկանց հայտնվելը խորհրդարանում՝ այն իմաստով, որ նրանք կարող են դուրս գալ հենց ՀՀԿ-ի վերահսկողությունից, Հ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Բայց ՀՀԿ-ն օլիգարխիայի կուսակցություն դարձավ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո: 14 օլիգարխներ միանգամից մտան ՀՀԿ և այդ կուսակցության ներսում նվաճեցին իշխող դիրքեր, ո՞ւմ պետք է դա վնաս տա: ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական միավոր, արդեն իսկ գոյություն չունի՝ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո, բոլորը հայտնվեցին այդ ժամանակ ՀՀԿ-ում, ու, փաստորեն, այդ կուսակցությունը վերցրեցին իրենց ձեռքը, ու հիմա օլիգարխիան այդ կուսակցության ձեռքում դարձել է գործիք, հիմա ի՞նչ պետք է իրեն սպառնա: Սերժ Սարգսյանը փոխելո՞ւ է իրավիճակը, մի քանի անգամ երկչոտ փորձեր արեց կարծես, բայց հետո հրաժարվեց այդ փորձերից, ու հիմա այս ԸՕ-ի հրապարակ իջեցնելը վկայում է այն, որ Սերժ Սարգսյանն այդ երկչոտ փորձերից (ինչ-որ տեղ սահմանափակելու այդ օլիգարխիայի ախորժակները) լիովին հրաժարվել է, ու ընդհակառակը՝ պատրաստ է ավելի խորացնել»:

Տեսանյութեր

Լրահոս