«Դեռ տապալվում են Դիարբեքիրի հայկական եկեղեցիների փրկությանն ուղղված բոլոր նախաձեռնությունները». Բագրատ Էստուկյան

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող   հայկական Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս եկեղեցիները, որոնք բավականին էական վնասներ էին կրել անցնող երկու ամիսների ընթացքում, շարունակում են մնալ թուրք-քրդական լարվածության կիզակետում»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով հայկական եկեղեցիների ներկայիս վիճակին:

Էստուկյանի խոսքով՝ չնայած իշխանությունների պնդումներին, թե Դիարբեքիրում այլևս զինված գործողություններ չեն լինելու, քաղաքը շարունակում է մնալ զինյալների վերահսկողության տակ` անմատչելի այլ քաղաքներից բնակչության և ուժերի համար: Ըստ նրա` ժամանակ առ ժամանակ եկեղեցիների վերաբերյալ փորձում են զարտուղի տեղեկություններ գտնել, հասկանալ, թե կա՞ն այլ վնասներ, թե՞ ոչ, ինչպե՞ս կարելի է մուտք ու ելք ապահովել, վերանորոգել եկեղեցիները, փրկել դրանք հետագա վնասներից:

«Ցավալին այն է, որ այսօր իրավիճակը Դիարբեքիրում շարունակում է անփոփոխ մնալ: Իրականությունն այն է, որ Դիարբեքիրում անիշխանություն է տիրում, պետական կազմերի միջև՝ ևս: Օրինակ, պետական պաշտոնյաների` նախարարների և վարչապետի բոլոր իրավասությունները մարտնչող զինյալ ուժերն իրենց վրա են վերցրել, հետևաբար՝ մինչև նրանք չհեռանան այնտեղից, ոչնչի հույս չպետք է ունենալ: Այլ քաղաքներում ևս կային բախումներ, դրանք ավարտվեցին, մարդիկ վերադարձան, թեկուզ՝ ավերված, իրենց տները, սակայն Դիարբեքիրում դա տեղի չունեցավ:

Այս մթնոլորտում եկեղեցիների վիճակը փրկելու ուղղությամբ հայ համայնքի բոլոր նախաձեռնությունները տապալվում են: Խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորները բավականին ակտիվ են, նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն՝ ապարդյուն, նրանց ևս մերժում են տեսնել եկեղեցիները` տարբեր պատճառաբանություններով: Վստահաբար կարելի է ասել, որ տեղում մարտնչող Թուրքիայի իրավապահ ուժերի աջակցության դեպքում դա հնարավոր կլիներ անել, սակայն չկա այդ աջակցությունը, այդ ուժերն այսօր ևս անվերահսկելի են»,- ասաց Էստուկյանը` շարունակելով, որ այս դեպքում հարկ է սպասել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս