«Սառույցի թագավորները»՝ Երևանում
Շաբաթ օրը ուշ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սառույցի թագավորները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի, Իրինա Սլուցկայայի, Էդգար Հակոբյանի, Հայկոյի, Գև Մանուկյանի և մի շարք այլ հայտնի գեղասահորդների, երաժիշտների և պարողների մասնակցությամբ:
Շոուի ընթացքում հայ հանդիսատեսին ներկայացվեց «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանի «Believe» կատարումը, որի ժամանակ, ինչպես և 2008-ին, «Եվրատեսիլին» սահադաշտ դուրս եկան Եվգենի Պլյուշչենկոն և ջութակահար Էդվին Մարդոնը:
Յուրահատուկ շոու ծրագրին անհնար էր հետևել առանց այն հուզմունքի, որն ունենում ես գեղեցիկը տեսնելիս: Իսկ երբ սահադաշտում հայտնվեց ֆրանսուհի գեղասահորդուհին, ով զարմացրեց հանդիսատեսին օդային հնարքների կատարմամբ, դահլիճը ցնծում էր ոգևորությունից: Միակ գնչու գեղասահորդը, այդպես նրան ներկայացրեցին կազմակերպիչները, հանդես եկավ կիսահումորային, կիսաէրոտիկ համարով, արժանացավ, այս անգամ արդեն՝ հիմնականում կանանց ողջույններին:
Բեմում և սահադաշտում իր պարային հնարքները ցուցադրեց ամերիկաբնակ պարող Գև Մանուկյանը, ով պարում է այնպիսի աստղերի համերգներին, ինչպիսիք են Փինքը, Բեյոնսեն:
Երկար սպասված գեղասահորդուհի, հաղորդավարուհի, արդեն նաև՝ երկու երեխաների մայր Իրինա Սլուցկայան միայն մեկ անգամ դուրս եկավ սահադաշտ: Իսկ շոուի գլխավոր «մեղավորը»՝ Եվգենի Պլյուշչենկոն, 3 ժամանոց շոուի ընթացքում սահադաշտում եղավ միայն 3 անգամ՝ ընդհանուր բացմանը՝ շոուի բոլոր գեղասահորդների հետ, և ևս երկու անհատական համարով:
Շոուի ավարտին բեմում հայտնված Դիմա Բիլանը շեղեց հանդիսատեսի շարքերում ներկա «դեռահասների» ուշադրությունը սահադաշտում պարող գեղասահորդներից: Ի դեպ, շոուին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: