Պաշտոնատար անձանց կողմից առերևույթ լիազորություններն անցնելու փաստով հարուցվել է քրեական գործ
Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից գործադրված սպառնալիքների, ինչպես նաև իր չկատարած հանցանքներն ընդունելու համար ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն գումարներ տալու արդյունքում:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: