Հրազդանցիները անտարբեր են քաղաքապետի ընտրությունների հարցում. «Թուրքի բոշություն ա»

Հրազդանցիներին առանձնապես չի հետաքրքրում, թե առաջիկա ընտրություններում ով է լինելու իրենց քաղաքապետը:

Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում: Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Հրազդանում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:

168.am-ը փորձեց պարզել՝ նախընտրական ի՞նչ մթնոլորտ է տիրում Հրազդան քաղաքում, որքանո՞վ են քաղաքի բնակիչները հետաքրքրված ընտրություններով ու ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքապետի ընտրություններից: Տեսախցիկի առաջ նրանք հիմնականում խուսափում էին խոսել ընտրությունների մասին, նրանցից ոմանք նույնիսկ տեղյակ էլ չէին, որ առաջիկայում իրենց մոտ ընտրություններ են տեղի ունենալու: Հարցման մասնակիցների մեծամասնությունը համոզված է, որ ընտրությունները ոչինչ չեն փոխելու, իրենց քաղաքին ոչ մի օգուտ չեն բերելու: Դրա փոխարեն՝ հրազդանցիները հերթով թվարկում էին՝ ինչ խնդիրներ ունի քաղաքը, որոնք ոչ միայն տարիների ընթացքում չեն լուծվել, այլև խորացել են. «15 տարի ա՝ ասում են՝ ճանապարհները սարքում ենք, ինչի՞ չեն սարքում, զիբիլանոց ա սաղ, մայթ էլ չկա կանգնելու»:

Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ աստիճանաբար արտագաղթի տեմպերն ավելանում են, քաղաքի բնակչությունը հատկապես վերջին երկու տարիների ընթացքում գնում է այլ երկրներ աշխատելու, ու հիմնականում հետ չեն վերադառնում. «Դատարկվում է քաղաքը, հնար լիներ, երիտասարդ լինեի, ես էլ կգնայի: Որտեղ աշխատանք չեղավ, մարդ ո՞նց կապրի: Պիտի աշխատատեղ բացեն»:

Հրազդանցիները հիմնականում խոսում էին քաղաքապետի երկու թեկնածուների մասին՝ Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի: Մեր զրուցակիցների մեծ մասն իրենց հույսն ավելի շատ կապում էին Սասուն Միքայելյանի հետ, քան Արամ Դանիելյանի: Ես ուզում եմ, որ անպայման Սասուն Միքայելյանն ընտրվի, այն ժամանակ գումարային տարբերությունները մեծ են եղել, բայց հիմա այդքան վատ չի քաղաքապետարանի վիճակը, բայց սա ի՞նչ է, ոչ մի բան արված չէ, ճանապարհների վրա խանութներ ա սարքել, ո՛չ աջից ես նայում, ո՛չ ձախից, էս թուրքի բոշություն ա:

Քաղաքացիներից շատերի համար էլ առանձնապես տարբերություն չկար՝ ով կլինի քաղաքապետը. «Ահագին բաներ արել են, ո՞նց չեն արել, քաղաքը սարքվում ա, փողոցները սարքվում են, ամեն ինչ էլ արվում ա, ամեն ինչ էլ արել են, բայց ժողովուրդը միշտ էլ քիչ ա համարում, ով էլ լինի քաղաքապետ, լավ ա լինելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս