Բաժիններ՝

Սիրիայի Ռաքա քաղաքում սպանվել է Թունիսից ԻՊ-ի վարձկանների պարագլուխը

Սիրիայում Եփրատ գետի վրա գտնվող Ռաքա քաղաքում երկրորդ օրն է՝ շարունակվում են զինված բախումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ միմյանց ախոյան զինյալների միջեւ:

Դամասկոսում հրատարակվող «Ալ Վաթան» անկախ թերթի փոխանցմամբ՝ տեղի բնակիչներից ԻՊ-ի շուրջ 200 կողմնակիցներ, որոնք մտնում են «Ալ Անսար» կազմավորման մեջ, հանդես են եկել «Ալ Մուհաջիրինի» օտարերկրյա վարձկանների կամայականությունների դեմ: Թերթի տեղեկությունների համաձայն՝ Ռմեյլա թաղամասում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանվել է թունիսցի վարձկանների պարագլուխ Աբու Ալի աթ Թունիսին:

Ռաքայի մի քանի թաղամասերում բնակիչները պաշտպանել են «անսարների» խռովությունը: Կառավարության՝ ընդհատակում գործող կողմնակիցները, օգտվելով դժգոհությունից, տների վրա կախել են Սիրիայի ազգային դրոշները եւ ցույցեր անցկացրել իսլամական ծայրահեղականների կառավարման դեմ: Հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ հուզումներն ընդգրկել են Ռմեյլա, Դարաիա, Ֆիրդոուս, Էլ Աջիլի եւ Էլ Բաքրի թաղամասերը:

Սիրիայում ահաբեկիչների կողմից հռչակված «խալիֆայության» «մայրաքաղաք» համարվող Ռաքայում ԻՊ-ի վարչակազմը զորահավաք է հայտարարել ապստամբության ընդլայնման սպառնալիքի կապակցությամբ: Կարգուկանոն հաստատելու համար նահանգի մյուս շրջաններից քաղաք են փոխադրվում օգնական ուժեր: Ուժեղացված է հսկողությունը Ռաքայի ուղեմուտքերի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP /Raqqa Media Center

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս