Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը
94 տարեկանում սրտային անբավարարությունից մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը, հայտնում է BBC-ն: Նա համարվում էր Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը ԱՄՆ պատմության ընթացքում՝ իր ամուսնու՝ Ռոնալդ Ռեյգանի կառավարման տարիներին, ով ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 1981-1989թթ.:
Նրանց միությունը, որը տևեց 52 տարի, համարվում է ԱՄՆ նախագահական կառավարման պատմության մեծագույն սիրավեպերից մեկը:
Մինչ ամուսնու հետ ծանոթությունը նա դերասանուհի է եղել: 1952թ. Նենսին ամուսնացել է Ռոնալդ Ռեյգանի հետ, ով այդ ժամանակ ԱՄՆ դերասանների գիլդիայի ղեկավարն էր:
Նա ամուսնու կողքին է եղել թե´ ուրախության, թե´ տխրության ժամանակ: Ռոնալդ Ռեյգանը մահացել է 2004թ. Ալցհեյմերի հիվանդությունից: Հայտնի է, որ ամուսինները շատ մտերիմ են եղել: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Նենսին մեծ ազդեցություն է ունեցել ամուսնու վրա Սպիտակ տանը գտնվելու տարիներին:
Նա հայտնի էր նորաձևության ու նորագույն ոճերի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ: Նենսի Ռեյգանին քննադատում էին շքեղության ու զգեստների նկատմամբ մեծ հակվածության համար, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քննադատությունը փոխվեց հարգանքի՝ նրա անձնական որակների ու ամուսնու նկատմամբ մեծ հավատարմության ու նվիրվածության համար:
ԱՄՆ նախկին առաջին տիկինը կթաղվի ամուսնու կողքին՝ Կալիֆոռնիայի Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանի տարածքում: