«Չորս կողմը տուրիզմ են խաղացնում». Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

2015թ. չորրորդ եռամսյակում Հայաստան են ժամանել 1 մլն 256 հազար 572 զբոսաշրջիկներ, կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 3.2%-ով: Պաշտոնական տվյալներով՝ 2015թ. չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 հազար 164 մարդ, կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.3%-ով: Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2015թ. չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.3%-ը` ԵՄ երկրներին, և 47.3%-ը` այլ երկրների:

Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ, հյուրընկալության և զբոսաշրջության փորձագետ Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում զբոսաշրջության ծավալների նվազումը մի քանի գործոնով պայմանավորեց. «Առաջինը ռուսական ռուբլու փոխարժեքի անկայունությունն է, որի պատճառով տուրֆիրմաները վնասներ կրեցին, կամ գոնե ակնկալվող շահույթը չստացան, դոլարային դաշտ անցան, բայց դա թանկ էր ստացվում ռուսների համար: Ով կարողանում է ռուբլու փոխարժեքի խոչընդոտը հաղթահարել ներքին ռեսուրսներով, նրանց վրա շատ չի անդրադառնում այս անկայունությունը»:

Artur Voskanyan (1)Ըստ Ա.Ոսկանյանի, նաև դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքն է ակտիվացել, նրանց մի մասը նաև Հայաստան է գալիս, բայց շատերը միայն Վրաստանով են սահմանափակվում:

Փորձագետի խոսքով՝ անցած տարի կառավարության ջանքերն ուղղված էին եվրոպական շուկային, իսկ ռուսական շուկան ինչ-որ առումով անուշադրության մատնվեց, բայց երբ ՌԴ-ի համար Եգիպտոսը և Թուրքիան փակվեցին, Հունաստանը շատ ճկուն գտնվեց և գրավիչ առաջարկներով այդ բացը լրացրեց: Դեպի Հայաստան նրանց հոսքին, մասնագետի կարծիքով, խանգարում է տոմսերի գների թանկացումը, ուղիղ չվերթերի բացակայությունը, աշխատանքի պակասը կամ կատարվող աշխատանքի աննկատությունը: Ա.Ոսկանյանը նշեց, որ Կրասնոդար և այլ ուղղություններով եթե տոմսի գինն էժան լինի ու աշխատանք տարվի, զբոսաշրջիկների հոսքն այդտեղից ակտիվ կլինի: Փորձագետը ոլորտի մի բացասական նորույթ նշեց՝ շատ պատահական մարդիկ են դաշտ մտնում, առանց համապատասխան փորձի, օրինակ՝ եթե ռուսական ընկերությունը Վրաստան ու Հայաստան խումբ է բերում, հանկարծ միջնորդ է հայտնվում, որ խոստանում է էժան ծառայություններ մատուցել, բայց սպասարկման ցածր մակարդակի պատճառով զբոսաշրջիկները դժգոհ են հեռանում. «Պատահական մարդիկ են, որ ապրուստի համար ամեն միջոցի դիմում են, բայց պրոֆեսիոնալիզմի բացակայությունը վանում է զբոսաշրջիկներին: Հիմա չորս կողմը տուրիզմ են խաղացնում»:

Ա.Ոսկանյանը նկատեց, որ չնայած այս ամենին՝ դրական միտում էլ կա՝ տուրֆիրմաների ծառայություններից զբոսաշրջիկները գոհ են մնում, իրենց ակնկալիքները Հայաստանից արդարանում են, և նրանք ծառայում են՝ արդեն որպես կենդանի գովազդ:

Տեսանյութեր

Լրահոս