Թուրքիայի ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիմադիր Zaman թերթի խմբագրության մոտ միտինգի դուրս եկած մարդկանց նկատմամբ
Թուրքական ոստիկանությունը ներխուժել է ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակ՝ ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով ցրելով միտինգ անող մարդկանց, որոնք բողոքում էին ոստիկանների կողմից խմբագրություն ներխուժելու ու այնտեղ խուզարկություններ իրականացնելու դեմ: Այս մասին տեղեկացրել էր թերթը:
Ավելի վաղ Ստամբուլի դատարանը հոգաբարձուներ էր նշանակել թերթը ղեկավարելու համար: Թերթի լրագրողները կարծում են, որ դա կհանգեցնի թերթի փակմանը:
Ոստիկանությունը ուժով ցրել է խմբագրության մոտ հավաքված հազարավոր մարդկանց, որոնք վանկարկել են «Ձեռքներդ հեռու մեր թերթից», «Ազատ մամուլին չես ստիպի լռել»: Ցուցարարների հավաքը ցրել են հարյուրավոր ոստիկաններ:
Արցունքաբեր գազից տուժել են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ ու թերթի աշխատակիցներ: Zaman-ի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջիի խոսքով՝ տեղի ունեցածը Թուրքիայի պատմության մեջ կմնա որպես «սև բիծ»:
Zaman-ը Թուրքիայի այն սակավաթիվ ընդդիմադիր ԶԼՄ-ներից է, որը կարողանում է գոյատևել իշխանությունների կողմից աճող ճնշումների պարագայում: