Բաժիններ՝

ՄԻԵԴ հերթական վճիռը Հայաստանի դեմ. կառավարությունը` որպես փոխհատուցում, կվճարի 3600 եվրո

Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի: «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդար դատաքննության իրավունքի խախտում է ճանաչվել:

Ըստ վճռի՝ Թ. Դոմազյանը Երևանում ավտոտնակ է ունեցել և կառույց, որը հետագայում Երևանի քաղաքապետարանի հետ դատական վեճի առարկա է դարձել: Դիմելով ՄԻԵԴ՝ Դոմազյանը նշել է, որ զրկվել է դատարան դիմելու հնարավորությունից, քանի որ անարդարացիորեն իր հակընդդեմ հայցը վերադարձվել է. այն ներկայացված է եղել նրա ներկայացուցիչ փաստաբանի կողմից: Ուսումնասիրելով դիմումատուի բողոքը՝ դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության  մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Դատարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցրել է դիմումատուին փոխհատուցել 3600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Դոմազյանի դիմումը դատարան ներկայացվել է 2007թ.: Նրա շահերը ներկայացրել է փաստաբան Ա. Գրիգորյանը, իսկ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: 2010թ. սեպտեմբերի 15-ին սկսվել է կոմունիկացիան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս