«Տարիներ շարունակ թերթի խմբագրատունը դարձել է յուրահատուկ դպրոց». Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» թերթի լույսընծայման 25-ամյակի առթիվ: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ «Ազգ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին հրատարակման 25-ամյակի առթիվ: Հիմնադրվելով անցյալ դարի 90-ականների սկզբին՝ «Ազգ»-ն իրավամբ դարձավ նորանկախ Հայաստանի առաջին անկախ պարբերականներից մեկը՝ նոր խոսք, նոր ասելիք, նոր ոճ ու մշակույթ բերելով հայաստանյան մամուլի նորագույն պատմության մեջ: Արհեստավարժ խմբագրակազմով եւ թղթակցական թիմով թերթն ավելի քան երկու տասնամյակ սեւեռուն ուշադրությամբ հետեւել եւ իր էջերում անդրադարձել է Հայաստանում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին՝ ներառելով բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, սոցիալականից մինչեւ կրթություն, տնտեսությունից մինչեւ մարզաշխարհ:
Նշանակալի է «Ազգ»-ի դերակատարությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Թերթը հայաստանյան ընթեցողին լայն հնարավորություն է ընձեռել ծանոթանալու աշխարհասփյուռ մեր ժողովրդի հասարակական, քաղաքական, ազգային ու մշակութային վաստակաշատ գործիչների կյանքին ու գործունեությանը, սփյուռքի հիմնախնդիրներին:
Պարբերականի մշակութային հավելվածները դարձել են հայ դասական ու ժամանակակից արվեստը ներկայացնող յուրահատուկ հարթակ, որտեղ անվանի արվեստաբաններն ու մտավորականներն իրենց վերլուծական հոդվածներով, հրապարակումներով, բանավեճերով վեր են հանել մշակույթում առկա գոհարները, խնդիրներն ու զարգացման միտումները:
Թերթը հետեւողականորեն կամրջել է Հայ առաքելական եկեղեցին ու մեր հանրությունը՝ դառնալով հոգեւոր արժեքների մեկնող ու տարածող:
Զգալի է «Ազգ»-ի ավանդը նաեւ հայաստանյան ու հայանպաստ լրատվությունը օտարալեզու ընթերցողին հասու դարձնելու գործում՝ իր համացանցային տարբերակի շնորհիվ:
Տարիներ շարունակ թերթի խմբագրատունը դարձել է յուրահատուկ դպրոց, որտեղ իրենց կարողություններն ու հմտություններն են կատարելագործել շատ ու շատ լրագրողներ, մեկնաբաններ, վերլուծաբաններ: Ոչ միշտ է հարթ ընթացել «Ազգ»-ի քառորդդարյա ուղին: Նոր տեխնոլոգիաների առաջընթացով, տեղեկատվական տարատեսակ միջոցների ստեղծմամբ ու բազմապատկմամբ, լրատվության դաշտում առկա, հաճախ անզիջում, մրցակցությամբ պայմանավորված՝ թերթն իր աստեղային ժամերին զուգահեռ ունեցել է նաեւ դժվարին օրեր: Խմբագրակազմի ու փորձառու խմբագրապետի հմուտ գործունեության շնորհիվ, սակայն, կարողացել է պահպանել իր դերակատարությունն ու դիմագիծը, նոր, արդիական լուծումներ գտնել՝ շարունակելով իր նպաստը բերել քաղաքացիական հասարակության հետագա զարգացման գործին: Եվս մեկ անգամ շնորհավորելով «Ազգ» թերթի լույսընծայման 25-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ շարունակական արդյունավետ գործունեություն, ստեղծագործական հետագա հաջողություններ, հավատարիմ ընթերցողների մեծաթիվ բանակ»: