«Սուպերերեքշաբթին» ԱՄՆ-ում. Քլինթոնն ու Թրամփը վստահորեն հաղթանակ են տանում
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը «սուպերերեքշաբթիի» արդյունքներով ամրապնդել են իրենց դիրքերն իրենց կուսակցություններում ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է BBC-ն:
Երեքշաբթի կայացած ներկուսակցական ընտրություններ են անցկացվել ԱՄՆ-ի 11 նահանգներում միաժամանակ, իսկ դեմոկրատները քվեարկություն են անցկացրել նաև ամերիկյան Սամոայում:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփն առաջին տեղն է զբաղեցրել Ալաբամա, Ջորջիա, Մասսաչուսեթս, Թեննեսի, Վիրջինիա, Արքանզաս ու Վերմոնտ նահանգներում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթանակել է Ալաբամա, Ջորջիա, Թեննեսի, Արքանզաս, Տեխաս ու Մասսաչուսեթս նահանգներում, ինչպես նաև ամերիկյան Սամոայում:
Քլինթոնի դեմոկրատ մրցակից Բեռնի Սանդերսը հաղթել է Վերմոնտ նահանգում, որը նա ներկայացնում է Սենատում, ինչպես նաև Օկլահոմա, Մինեսոտա ու Կոլորադո նահանգներում:
Թրամփի հանրապետական մրցակիցը՝ սենատոր Թեդ Կրուսը, հաղթել է Տեխաս և Օկլահոմա նահանգներում, իսկ սենատոր Մարկո Ռուբիոն՝ Մինեսոտայում:
Հիլարի Քլինթոնը նախընտրական քարոզարշավի վաղ փուլում բախվել էր ուժեղ մրցակցի՝ իր դեմս Բեռնի Սանդերսի, որը վստահորեն հանդես եկավ Այովայում ու Քլինթոնին պարտության մատնեց Նյու Հեմփշիրում:
Քլինթոնի հաղթանակը մի քանի նահանգներում ընկալվեց որպես այն բանի վկայություն, որ նա ժողովրդականություն է վայելում տեղի դեմոկրատ էլեկտորատի աֆրոամերիկյան սեգմենտում:
Թրամփը, ում նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն տրամադրված կուսակիցները վերին օղակներում, խոստացել է միավորել կուսակցությունը: Մյուս հանրապետական թեկնածուները, սակայն, չեն շտապում հեռանալ պայքարից: Թեդ Կրուսը հայտարարել է, որ միայն ինքն է ի վիճակի հակազդել Թրամփին: