Ներգաղթյալների ճգնաժամի առաջացման մեղավորը Ռուսաստանն է ու Ասադը. ՆԱՏՕ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ վերջինս նպատակաուղղված օգնում է Սիրիայի կառավարությանը փախստականների հետ կապված ճգնաժամի ստեղծման հարցում՝ այն Եվրոպայի դեմ որպես զենք օգտագործելու համար:
Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցով կոմիտեում՝ Բրիդլավը հայտարարել է, թե Ռուսաստանի ու Սիրիայի գործողությունները միայն խորացնում են ինչպես ԴԱԻՇ-ի խնդիրը:
Գեներալը հայտարարել է, որ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը քիչ բան է արել ԴԱԻՇ-ին հակազդելու համար, այլ միայն ամրապնդել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը:
Ամերիկացի գեներալը կարծում է, որ Ռուսաստանն ու Ասադն օգտագործում են զանգվածային միգրացիան՝ վնասելու եվրոպական ենթակառուցվածքներն ու ճնշելու եվրոպական վճռականությունը: Որպես օրինակ նա ներկայացրել է տակառային ռումբերի օգտագործումը Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: «Նման զենքի օգտագործումը ռազմական արդարացում չունի:
Դրա նպատակն է վախեցնել Սիրիայի բնակիչներին, որ բռնեն փախուստի ճանապարհը: Եվրոպա ժամանող փախստականների թվում կան ահաբեկիչներ, հանցագործներ ու վարձկաններ, ինչը լրջորեն մեծացնում է ահաբեկչական հարձակումների սպառնալիքը»,- հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Նա նշել է, որ ԴԱԻՇ-ը քաղցկեղի ուռուցքի պես տարածվում է մարդկանց շրջանում՝ իր ճանապարհին հանդիպելով թույլ դիմադրության ու սպառնալիք ներկայացնելով ինչպես եվրոպացիների, այնպես էլ Միացյալ Նահանգների համար: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար:
Ամերիկացի գեներալը Վաշինգտոն է ժամանել, որպեսզի համոզի ամերիկյան օրենսդիրներին ավելացնել Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտի ֆինանսավորումը: