Երևանում մահացել է ամենատարեց «օրենքով գողերից» մեկը. սպասվում են տիտղոսակիր հանցագործների այցելություններ
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմ» գործակալությանը, երեկ Երևանում իր ծննդյան 80-ամյակից մի քանի օր առաջ մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսիսյանը, ով հանցագործ շրջանակներում ավելի շատ հայտնի էր որպես Վզգո:
Անցած տարի հայ «օրենքով գող» Կառլեն Թովմասյանի մահից հետո տարեցներից ողջ էին մնացել միայն նա ու Վանիկը, գրում է գործակալությունը: Նշվում է, որ կապված Վազգեն Ներսիսյանի մահվան հետ, սպասվում է տիտղոսակիր հանցագործների զանգվածային այցելություն Երևան:
Հատկանշական է, որ «Պրայմ Կրայմը» գրում է, թե Հայաստանը հետխորհրդային տիրույթում միակ երկիրն է, որտեղ «օրենքով գողերը» գաղափարական նկատառումներից ելնելով չեն հետապնդվում: Հայկական օշխանությունները ոչ միայն սպառնալիք չեն տեսնում՝ ի դեմս նրանց, այլև լավ պայմաններ են ստեղծում նրանց հարմարավետ բնակության ու հանգստի համար:
Նշվում է, որ բացի տեղացի «օրենքով գողերից», Հայաստանում արդեն 1 տարուց ավելի է, ինչ բնակվում են «օրենքով գող» Մերաբ Կալաշովը, ինչպես նաև ազատազրկումից հետո ՌԴ-ից արտաքսված Վիտալի Ավդիյանը:
Հայաստանում իր հանգիստն է սիրում անցկացնել նաև թիվ 1 «օրենքով գող» Շաքրո Կալաշովը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարել Վրաստանի ՆԳՆ-ն: Վերջինս, սակայն, իրեն ապահով է զգում միայն Ռուսաստանում՝ որպես ՌԴ քաղաքացի, ու Հայաստանում:
Նշվում է, որ Հայաստանում անցած տարի գողական մեծ հավաք է կազմակերպվել ու բացառված չէ, որ հերթականը նվիրված կլինի Վազգեն Ներսիսյանի հուղարկավորությանը: