Բաժիններ՝

«Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով». Գագիկ Սուրենյան

Այս տարի մարտը տաք կլինի, առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ներկա պահին հանրապետության տարածք է մոտեցել օդի տաք հոսանք: Այս անգամ այն եկել է Իրաքից: Ըստ կանխատեսման` առաջիկա 7-8 օրերին լինելու ենք տաք հոսանքների ազդեցության գոտում: Առաջիկա օրերին սպասում ենք օդի ջերմաստիճանի բարձրացում: Այն կբարձրանա մինչև մարտի 4-ը ներառյալ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` բարձրացման արդյունքում ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23-ի, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25-ի:

«Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով: Մարտի 2-ից Արարատյան դաշտում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Մարտի 3-ից հետո նվազագույն ջերմաստիճանները կտատանվեն +8 -+10 աստիճանների սահմանում: Այս ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին: Ապրիլի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը կհասնի 20-21-ի»,-նշեց նա:

Գագիկ Սուրենյանի խոսքով` հանրապետության լեռնային շրջաններում առատ ձյուն է կուտակված:

«Մարտը տաք կլինի: Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Կանխատեսվում է, որ տեղումնառատ կլինի: Տեղումները կլինեն նորմայից ավելի: Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան առատ տեղումներ, ցրտահարություններ չեն դիտվի»,-շեշտեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս