Ատելության խոսքի «արտանետումը». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Մարտի 1-ը» բացահայտելու անհրաժեշտության մասին խոսվել է եւ այսօր շատ կխոսվի: Ինձ այս առիթով ավելի շատ հուզում է մեկ այլ իրադարձություն, որը կարծես թե այդ սպանդի հետ կապ չունի` ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը` չդատապարտել պատգամավորներից մեկի արտահայտվելու ագրեսիվ ոճը: Մեկն ականջ կտրելու հեռանկարով է «սաստում» հակառակ կարծիք ունեցողին, մյուսը` բռնաբարության սպառնալիքով:

Սակայն դա նորմալ, բնականոն գործընթաց է համարվում` չի կարեւորվում խոսքի արժեքը: Այնինչ եթե մեկն ասում է, օրինակ, «սրանց պետք ա գյուլլել»` դրանք պարզապես օդի մեջ ասված բառեր չեն: Դրանք տատանումներ են, որոնք միանալով այլ տատանումների հետ՝ ի վերջո բերում են պայթյունի: «Հոկտեմբերի 27»-ը եւ «մարտի 1-ը» նման պայթյուններ են, որոնք հետ են գցել մեր պետությունը մի քանի տարով, գուցե տասնամյակով:

Հիշենք, թե ինչ բառապաշար էին օգտագործում «հակամարտող կողմերը» 2008 թվականի ընտրություններից առաջ, ընդ որում՝ իշխանությունն իր «հայլուրատիպ» խոսափողերով 10 անգամ ավելի ագրեսիվ էր: Երբ «ֆայլա-բազարի» բեռնակիրն է «մթնոլորտ նետում» «ականջ կտրելու» եւ «բռնաբարելու» սպառնալիքներ, դա ծխախոտի ծխի նման փոքրիկ ամպիկ է, երբ դա անում է պատգամավորը կամ լրագրողը, դա նման է մեծ գործարանի թունավոր արտադրամասի հզոր արտանետման: Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն՝ դրա մասին խոսք չկա:

Ի դեպ, ո՛չ տանը, ո՛չ էլ որեւէ այլ վայրում, ո՛չ իրական, ո՛չ էլ վիրտուալ տարածքում ինձ ոչ ոք երբեւէ չի սպառնացել ականջներս կտրել: Ոչ էլ, բնականաբար, ես եմ սպառնացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս