«Սպորտով զբաղվողներին քննադատում են միայն այն ժամանակ, երբ պարտվում են, իսկ քաղաքական գործիչներին քննադատում են ամեն օր». Իրինա Ռոդնինա

Lեգենդար գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան Երևանում է: Նա Հայաստան է ժամանել «Գրիբոյեդով» բանավիճային ակումբի հրավերով և հասցրել լինել նաև իր անունը կրող երևանյան նորաբաց գեղասահքի մարզադպրոցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում գեղասահորդուհին խոսեց ոչ միայն՝ մասնագիտական, մարզական խնդիրների շուրջ, նաև անդրադարձ կատարեց քաղաքական կյանք մուտք գործելու՝ իր որոշման, ինչպես նաև՝ երազանքների ու առաջիկա ծրագրերի մասին:

Պատասխանելով լրագրողներից մեկի հնչեցրած այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված իր հաջողությունները, արդյոք դրանք պատահականություննե՞ր էին, թե՞ համառ, երկար ու տքնաջան աշխատանքի արդյունք, լեգենդար գեղասահորդուհին պատասխանեց.

«Մի մոռացեք, որ մենք մի սերունդ ենք, որ ապրել ենք Սովետական Միության աթեիստական ժամանակներում, և վերևից մեզ հասած «հաջողությունները» կանխորոշված չէին կարող լինել: Ավելին ասեմ՝ այդ մասին անգամ խոսք լինել չէր կարող: Ինձ համար երջանկության անսպառ աղբյուր էին իմ ծնողները, ովքեր մշտապես եղել են իմ կողքին, քաջալերել, ուղղորդել ու հավատացել են ինձ: Հետևաբար, երբ ինձ հարցնում են սպորտում իմ հաջողությունների գաղտնիքը, ես անվրեպ պատասխանում եմ՝ իմ համար ամենամեծ հաջողությունը, կարելի է ասել, իմ ծնողներին էին»:

Անդրադառնալով իր մասնագիտական կյանքում նկատելի հետք թողած մարզիչների թեմային, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան պատասխանեց.

Կարդացեք նաև

«Անկասկած, ինձ համար մեծ ձեռքբերում էր այն, որ հայտնվեցի Ստանիսլավ Ժուկի խմբում, ով ինձ սովորեցրեց ոչ միայն սահել, պայքարել և մրցակցել, այլև սովորեցրեց ինձ, թե ինչ է կյանքը: Շնորհիվ նրա՝ ես հասկացա, որ կյանքը ճիշտ և ճիշտ նույն սպորտն է, և ինքդ քեզ հաղթահարելու, ցանկալի արդյունքների հասնելու, կատարածդ աշխատանքի ու մասնագիտության մեջ անդադար հետաքրքրություններ ու նոր բարձունքներ գրանցելու, համառության ու չկոտրվելու համար դու պետք է սերտես կյանքի կանոնները, որն ինձ սովորեցրեց իմ մարզիչը՝ Ստանիսլավ Ժուկը: Ես նրան պարտական եմ»:

Հանդիպման ավարտին հայտնի գեղասահորդուհին լրագրողների հետ կիսվեց նաև իր երազանքներով.

«Իհարկե, մինչ այսօր ես դեռ ունեմ շատ երազանքներ: Առաջին հերթին՝ երազում եմ, որ զավակներիս տեսնեմ՝ որպես հասարակության կայացած և հաջողակ անդամներ: Սա ասելով՝ բոլորովին նկատի չունեմ՝ տեսնելու նրանց հաղթանակների պատվո հարթակին՝ առաջին տեղում: Ո´չ իհարկե: Ինձ համար հաջողություն է տեսնել նրանց երջանիկ, տեսնել ու հասկանալ, որ նրանք զբաղված են իրենց սիրելի աշխատանքով ու հաճույք են ստանում իրենց ամեն օրվա ձեռքբերումներից, երբ նրանց կողքին են իրենց սիրելի ու հարազատ մարդիկ ու ընկերները, ու իրենց հետ շատ հետաքրքիր է անցնել կյանքի դժվար ճանապարհը: Ահա սրան եմ ես ցանկանում ականատես լինել, ու սա է իմ արդեն այսօրվա երազանքը: Բացի այդ, իմ կողքին է մեծանում արդեն իմ թոռնիկը, ով մի իսկական փոթորիկ է հիշեցնում… Ես երջանիկ եմ, ու ինձ հետաքրքիր է ամենօրյա կյանքը»:

Խոսելով նոր ոլորտ՝ քաղաքական դաշտ մուտք գործելու որոշման մասին՝ գեղասահորդուհին ասաց.

«Ինչպես ինձ սպորտում են սովորեցրել, կա մի պահ, երբ դու քեզ համար որոշում ես կայացնում՝ սրանով պե՛տք է զբաղվել, այս նպատակին պե՛տք է ձգտել ու հասնել: Սպորտում սա անհամեմատ հեշտ է, կյանքում՝ ավելի երկարատև ու հոգնեցնող գործընթաց է, և միշտ չէ, որ դու հաջողությունը կարող ես անզեն աչքով տեսնել, զգալ ու վայելել: Ահա այսպես եղավ իմ որոշումը՝ մտնելու քաղաքական դաշտ, և ինձ հետաքրքիր է նաև այն, ինչ ես անում եմ այդ բնագավառում՝ արդեն որպես քաղաքական գործիչ և պատգամավոր: Ես, իհարկե, ամենօրյա ռեժիմով լսում եմ կասկածներ, բողոքներ ու տրտունջներ, բայց աշխատում եմ գտնել դրանց ոսկե միջինը: Գիտեք, սպորտով զբաղվողների համար շատ ավելի հեշտ է՝ նրանց քննադատում են միայն այն ժամանակ, երբ իրենք պարտվում են, իսկ քաղաքական գործիչներին քննադատում են ամեն օր և բոլոր նրանք, ում դա անելը չի հոգնեցրել»:

Տեղեկացնենք, որ Իրինա Ռոդնինան եռակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ակտիվ հասարակական և պետական գործիչ` «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ-ի և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ։

Տեսանյութեր

Լրահոս