Ազգային ավիափոխադրողի վրա «լույս չի բացվում»
Ավելի քան մեկ ամիս առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ մի քանի ընկերություններ դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու նպատակով: Հայտերը պետք է քննարկվեին խորհրդի նիստում և որոշում կայացվեր: Թռիչքների իրականացման թույլտվություն ստանալու համար նախարարությանը դիմած ընկերությունների թվում էր նաև «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն, որը բոլորովին վերջերս՝ 2015թ. դեկտեմբերի 18-ին է գրանցվել Հայաստանում: Դրա համահիմնադիր, Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանը հայտարարել էր, թե «99%-ով «Արմենիա» ընկերությունն աշխատում է արդեն, մի քանի հարցեր են մնացել լուծելու»:
Սակայն մինչ օրս նախարարության ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդը ստացված հայտերից ոչ մեկը դեռ չի բավարարել: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, հայտերն ամբողջական չեն եղել:
«Դեռևս ամբողջական հայտեր՝ որպես այդպիսին, չունենք: Ավիաընկերություններ կային, որ դիմել էին, բայց իրենք հայտերին կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարության կարգով սահմանված, չեն ներկայացրել»,- ասաց Ա.Չոբանյանը:
Նա վստահեցրեց, որ ավիաընկերությունների համար սահմանված պահանջները բարձր չեն և համապատասխանում են եվրոպական ավիաստանդարտներին. «Որևէ հավելյալ պահանջ ավիաընկերությունների վրա դրված չի»:
Ա.Չոբանյանը նշեց, որ, եթե ցանկանան, ավիաընկերությունները կարող են համալրել փաստաթղթերը, և ամբողջական հայտի դեպքում խորհուրդը միշտ պատրաստ է քննարկել դրանք: