«ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կողոպտիչ կոալիցիա է». Աշոտ Մանուչարյան
«Կան գլոբալ գործընթացներ, և կան՝ աշխարհաքաղաքական: Մոտ 10-15 օր առաջ Սերժ Սարգսյանը ճառ արտասանեց, և այնտեղ, էլի հիշատակելով աշխարհաքաղաքական գործընթացները, ասաց, որ մենք պետք է համախմբվենք, որովհետև դրանք շատ վտանգավոր են, բայց ամենավտանգավորն այն է, որ մենք չտեսնելով գլոբալ գործընթացները՝ խոսում ենք աշխարհաքաղաքականից: Աշխարհաքաղաքական կոնտեքստում Եվրոպան և ԱՄՆ-ը դաշնակիցներ են, գլոբալ գործընթացների շրջանակում ԱՄՆ-ը մասնակցում է Եվրոպայի ոչնչացմանը: Այսինքն՝ Եվրոպան ողողվում է հսկայական քանակի փախստականներով, եվրոպական քաղաքակրթությունը տարրալուծվում է ինչ-որ երևույթների մեջ, որի արդյունքում Եվրոպայից ոչինչ չի մնալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա կարծիքով՝ կա երկու գլոբալ կոալիցիա. «Մեկը պայմանականորեն կանվանեմ՝ Հռոմի պապի կոալիցիա, մյուսը՝ փողի կոալիցիա: Ո՞ւմ կողմից ենք մենք: Եթե այս գլոբալը նետում ես մի կողմ, դու կարող ես նորից կոտրած տաշտակի առջև կանգնել: Ա՛յ սա է Հայաստանի դժբախտությունը հիմա»:
Նա նշեց, որ հայկական կոալիցիաները, որոնք 15 տարի է՝ ստեղծվում են, կողոպտիչ փողի կոալիցիայի շրջանակում են. «Այսինքն՝ փորձում են աշխարհակարգը պահպանել: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ևս կողոպտիչ կոալիցիա է: Մարդը ստեղծում է շրջանակներ, որպեսզի կողոպտի մյուս մարդկանց: Սա ընդհանրական, համաշխարհային տրենդ է: Դա արվում է երկրներից դուրս ու երկրների ներսում: Հայաստանում ցածրակարգ համակարգն է կիրառվում՝ մոնոպոլիաներ, օլիգարխիաներ և այլն: Այս բոլորը կողոպուտի համակարգի բաղկացուցիչ ենթահամակարգերն են»: