Տնային կալանքի տակ գտնվող Իրանի ընդդիմության առաջնորդը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին
Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվում են այսօր, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Քարուբին քվեարկել է տանը, քանի որ 2011 թվականից գտնվում է տնային կալանքի տակ:
«Քարուբին քվեարկել է իր տանը, որտեղ գտնվում է տնային կալանքի տակ: Ընտրական քվեատուփը տարվել է նրա տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում մեկնարկել են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի (կրոնական մարմին, որն ընտրում է երկրի հոգևոր առաջնորդին) ընտրությունները, հայտնում է BBC-ն:
Սա իրանցիների առաջին համընդհանուր քվեարկությունն է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելուց ի վեր:
Բարեփոխումների կողմնակիցները, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, ձևավորել են կոալիցիա, որը կոչվում է «Հույսի ցուցակ»: Դրա նպատակն է նվազեցնել երկու պետական մարմիններում կոշտ պահպանողականների թիվը: Պահպանողականները քննադատում են երկրի նախագահի քաղաքականությունն ու նախարարների կաբինետը:
Խորհրդարանի 290 մանդատի համար կպայքարի 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին: