Իրանում մեկնարկել են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի ընտրությունները
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի (կրոնական մարմին, որն ընտրում է երկրի հոգևոր առաջնորդին) ընտրությունները, հայտնում է BBC-ն:
Սա իրանցիների առաջին համընդհանուր քվեարկությունն է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելուց ի վեր:
Բարեփոխումների կողմնակիցները, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, ձևավորել են կոալիցիա, որը կոչվում է «Հույսի ցուցակ»: Դրա նպատակն է նվազեցնել երկու պետական մարմիններում կոշտ պահպանողականների թիվը: Պահպանողականները քննադատում են երկրի նախագահի քաղաքականությունն ու նախարարների կաբինետը:
Խորհրդարանի 290 մանդատի համար կպայքարի 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին:
Իրանի ընտրություններին կարող է մասնակցել գրեթե 55 միլիոն մարդ:
Քվեարկության ընթացքում նրանք պետք է ընտրեն 290 պատգամավորի՝ 4 տարի ժամկետով, ինչպես նաև փորձագետների խորհիդի 88 աստվածաբանի՝ 8-ամյա ժամկետով
Իրանում ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 08:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 08:30) ու պետք է փակվեն ժ. 18:00-ին:
Իշխանությունները, սակայն, հայտնել են, որ քվեարկության ժամանակը կարող է երկարել երկար հերթերի պատճառով:
Հաղորդվում է, որ այդ ընտրությունների առանցքային գործոնը դարձել է ազգային տնտեսությունը: Հաշվի առնելով պատժամիջոցների չեղարկումը ու Իրան արևմտյան ներդրողների վերադարձը, բազմաթիվ իրանցիներ հույս ունեն բարելավել իրենց կենսամակարդակը: