Բաժիններ՝

Ինչպես է մարդասպանը Մերձմոսկվայում սպանում հայազգի գործարարին. տեսախցիկներն արձանագրել են սպանության փաստը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում անհայտ անձի կողմից գնդակահարվել է Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը: Սպանության ականատես է դարձել գործարարի ընկերը՝ 36-ամյա Բաղդասարյանը, ով վնասվածք է ստացել ոտքի շրջանում:

34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին, կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի հարևանությամբ՝ Lexus GX մակնիշի ավտոմեքենայում:

Իրավապահները հաղորդել էին, որ մեքենային է մոտեցել անհայտ տղամարդ ու 5 անգամ կրակել գործարարի վրա՝ չթողնելով ողջ մնալու ոչ մի շանս: Մկրտչյանի վարորդն ավելի ուշ հայտնել է, որ մարդասպանն ունեցել է մոտ 180 սմ հասակ, կրել է մուգ գույնի հագուստու դեպքի վայրից հեռացել է մոխրագույն «ՎԱԶ 2114» ավտոմեքենայով:
Ինչպես գրում է mk.ru-ն, հնարավոր է՝ հայ գործարարի հետ, ով ավելի քան 20 տարի բնակվում էր Մերձմոսկվայում, հաշվեհարդար են տեսել բիզնեսի նրա մասնաբաժնի պատճառով:
Նշվում է, որ գործարարի գործերը վերջին շրջանում լավ վիճակում են եղել, ոչ մի սպառնալիք նա չի ստացել: Նշվում է, որ գուցե նա մասնակցել է այլ բիզնես-նախագծերի: Ներկայում իրավապահներն ուսումնասիրում են թղթաբանությունն ու զոհի շրջապատը:
Հարուցվել է քրեական գործ «սպանություն» և «զենքի անօրինական ձեռքբերում, պահում» հոդվածներով:

Այսօր «360 աստիճան» հեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման սարքերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է սև ամենագնացին մոտենում բարձրահասակ մի տղամարդ, ապա վազելով հեռանում, հետո հետ է վերադառնում ու կրակում մեքենայի ու իրեն մոտեցող տղամարդու վրա, ով վնասվածք ստանալով ընկնում է ձյան վրա: Մարդասպանն այնուհետ վազելով հեռանում է դեպքի վայրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս