«Սփյուռքի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս գիտական աշխատանքներին». Յուրի Սուվարյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 25-ին անցկացվեց գիտական հետազոտությունների թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը: «Ուզում եմ, որ բոլոր հետազոտությունները նվիրվեն նաև անկախության 25-ամյակին: Մեր պետական բյուջեով այս տարի 14 միլիոն 400 հազար դրամ է հատկացված այս նպատակի համար: Նախարարության ստեղծման առաջին օրվանից գիտնականներին լուրջ հետազոտական աշխատանքներ ենք պատվիրում»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ` նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով` աշխատանքները մեծ կարևորություն ունեն նաև սփյուռքում տարածելու առումով: «Ձեր մտքի արդյունքը մենք փորձում ենք տեղայնացել հայկական համայնքներում, որտեղ լուրջ ուսումնասիրություններ են կատարվում` նաև հաշվի առնելով գիտական հետազոտությունները»,-շեշտեց նա:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի խոսքով` Սփյուռքի նախարարությունը խիստ մեծ կարևորություն է տալիս գիտական աշխատանքներին, գրահրատարակչությանը:

«Նախարարության ունեցած ֆինանսական հնարավորություններն օգտագործվում են, որ մեր գիտնականների հրատարակած արժեքավոր աշխատությունները հասնեն ընթերցողին: Այսօր էլ 12 թեմա պետք է ֆինանսավորվի: Սա մեծ աջակցություն է մեր գիտնականներին: Նախարարությունը ոչ միայն նպաստում է հայագիտության ճյուղերի զարգացմանը, այլև իր նպաստն է բերում, որպեսզի աշխատելու պայմաններ լինեն գիտնականների համար»,-նշեց նա:

Կարդացեք նաև

Պայմանագրեր կնքվեցին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի, ԵՊՀ-ի (արևելագիտության, իրավագիտության, պատմության ֆակուլտետներ և «ԵՊՀ հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամ), ՀՀ ԳԱԱ ինստիտուտների (Պատմության, Գրականության, Լեզվի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի) և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ:

Տեսանյութեր

Լրահոս