ՄԻՊ-ը Վարդգես Գասպարիի հարցով պարզաբանումներ է պահանջել Արփինե Հովհաննիսյանից, դիմել է Գևորգ Կոստանյանին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է անազատության մեջ գտնվող Վարդգես Գասպարիի պաշտպանի ահազանգը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ արագ արձագանքման խումբն այցելել է «Նուբարշեն» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել է Վարդգես Գասպարիին: Արման Թաթոյանն ասաց, որ դիմել է գլխավոր դատախազին՝ Վարդգես Գասպարիի կողմից հայտնած տեղեկությունների հիման վրա վարույթ նախաձեռնելու առաջարկով:
ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ այդ հարցով հեևողական է լինելու: «Դրանից բացի՝ ևս մեկ հարց վերաբերում էր տեսակցություններին: Այդ հարցով նույնպես արդեն պարզաբանումներ եմ պահանջել Արդարադատության նախարարից, ինչպես նաև պարզաբանումներ վատ վերաբերմունքի հետ կապված»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա անդրադարձավ նաև Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու հարցին՝ նշելով, որ Վարդգես Գապարիին կալանավորելու մասին որոշում է կայացվել դատարանի կողմից՝ իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
Նրա խոսքով՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքն ուղիղ արգելում է միջամտությունը, բայց հաշվի առնելով հարցի բացառիկությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավորների կողմից բարձրացվել է այդ հարցը, այդ մասով ինքը գնահատական է տվել:
Նշենք, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրությունում ասվում էր, որ ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է‚ որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն: Արման Թաթոյանն ասաց, որ լիահույս է‚ որ նշված չափանիշները հաշվի կառնվեն՝ անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս: