Տիգրան Սարգսյանը Նազարբաևի հետ քննարկել է ԵՏՄ-ի զարգացմանն ու հեռանկարին առնչվող հարցեր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին տեղեկացնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության զարգացման, երրորդ երկրների հետ միավորման տնտեսական հարաբերությունների խորացման հարցեր, ինչպես նաև ԵՏՄ-ի անդամ-երկրների գործողությունների ընդհանուր ռազմավարությունը՝ համաշխարհային շուկաներում ստեղծված պայմաններում:
Նազարբաևն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը ԵՏՄ կոլեգիայում համընկել է համաշխարհային տնտեսությունում ոչ հեշտ ժամանակների հետ ու այդ պայմաններում հեշտ չէ գտնել աճի նոր կետեր:
«Սակայն այդ դժվարությունները ոչ մի կերպ կապված չեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքի հետ: Մեր ինտեգրացիոն միավորման վերջնական օգտակարության հարցում կասկածներ չունեմ, մանավանդ, որ այսօր այդքան մեծ թվով երկրներ են ցանկություն հայտնում դառնալ ԵՏՄ-ի անդամ կամ վերջինիս հետ ստեղծել ազատ առևտրի գոտի»,-հայտարարել է Նազարբաևը:
Ղազախստանի նախագահը հավելել է, թե անդամակցությունը ինտեգրացիոն միավորմանը ոչ միայն հնարավորություններից օգտվել է ենթադրում, այլև դրա զարգացման գործում ավանդ ներդնելու անհրաժեշտություն:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, թե Նազարբաևի դիրքորոշումը սկզբունքային նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության զարգացման համար, քանի որ հենց նրա նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած ԵՏՄ-ի ստեղծման հիմքում:
Նա հույս է հայտնել, թե Ղազախստանի նախագահության տարում նոր խթան կհաղորդվի ինտեգրացիոն գործընթացներին: