Բաժիններ՝

«Համաշխարհային բանկից վերցված 30 մլն դոլար վարկը չի տրամադրվելու ՀԷՑ-ին». Երվանդ Զախարյան

Համաշխարհային բանկից վերցված 30 մլն դոլար վարկը չի տրամադրվելու մասնավոր ըներություններին, մասնավորապես՝ Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ): Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցադրմանը, թե ինչպե՞ս է լինում, որ նախարարությունը մի բան է հայտարարում վարկի վերաբերյալ, իսկ հաջորդ օրը ՀԷՑ-ը հակադիր հայտարարություն է անում:

«ՀԷՑ-ի և նախարարության հայտարարություններն իրարից չեն տարբերվում՝ բացառությամբ մեկ նախադասության: Ուղղակի Էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ չի նշվել, որ նոր գնորդը որևէ կապ չունի ֆինանսական ճեղքվածքի հետ: Եվ, իրոք, նոր գնորդը որևէ կապ չունի ֆինանսական ճեղքվածքի հետ: Դա գոյացել է միչև 2014թ. ավարտը»,- ասաց Ե.Զախարյանը:

Նա նշեց, որ վարկը ձևակերպվում է, որպեսզի հնարավորություն տրվի էներգետիկ պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների ճեղքվածքը փակել:

Հիշեցնենք, որ այսօր նախարարությունը տարածել է պարզաբանում, որում ասվում է.

«ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Էներգետիկ համակարգի առողջացման ծրագրում ընդգրկված են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ապահովելու բաց և թափանցիկ գնագոյացում էլեկտրամատակարարման շղթայի բոլոր օղակներում: Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը: Այս մասին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաղորդագրություն է տարածել դեռևս փետրվարի 19-ին։ Սակայն հաշվի առնելով վարկի շուրջ առկա թյուրըմբռնումը՝ մեկ անգամ ևս հայտարարում ենք.

Սակագնի հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝ նախորդ երեք տարիներին ՀԷՑ-ում առաջացել են ժամկետանց պարտքեր՝ պետական մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ։ Պարտքերի առաջացման պատճառներն են՝ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված՝ ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը։

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերություններում ճեղքվածքի մի մասը (22.4 մլրդ դրամ), որն առաջացել է մինչև սեփականատիրոջ փոփոխությունը՝ 2013-2015թթ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) կողմից արտադրող ընկերություններին՝ առաքված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների պատճառով, ներառվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված սակագներում և վճարվում է յուրաքանչյուր ամիս:

Ամբողջ գումարը կփակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Չվճարումների հետ կապված էներգետիկ համակարգի պետական ընկերություններում առաջացած ֆինանսական խնդիրները որևէ կապ չունեն ՀԷՑ-ի նոր գնորդի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս