ԵՄ-ից դուրս գալը սպառնալիքի տակ կդնի տնտեսությունը. բրիտանացի գործարարները բաց նամակ են գրել
Եվրամիությունից դուրս գալը սպառնալիքի տակ կդնի աշխատատեղերն ու երկրի տնտեսությունն ընդհանուր առմամբ, հայտարարել են բրիտանական խոշորագույն ընկերությունները, տեղեկացնում է BBC-ն:
Այնպիսի ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են BT-ն, Marks & Spencer-ն ու Vodafone-ը, համատեղ նամակ են ստորագրել, որը հրապարակվել է Times թերթում: Նրանք կարծում են, որ ԵՄ-ից դուրս գալը կվախեցնի ներդրողներին:
Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, թե Եվրամիությունից դուրս գալը բացասաբար կազդի բրիտանացիների վրա:
Կոլեկտիվ նամակն ստորագրել են բրիտանական բիզնեսի 198 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 36 ընկերության ղեկավարներ, որոնք ներառված են FTSE 100-ում՝ խոշոր կորպորացիաների հարյուրակում, որոնց արժեթղթերը վաճառվում են Լոնդոնի բորսայում:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Քեմերոնին հաջողվել է ԵՄ-ից զիջումներ կորզել կարգավորման, միասնական շուկայի ընդլայման հարցերում ու ստորագրել միջազգային առևտրային համաձայնագիր:
«Բիզնեսին հարկավոր է չսահմանափակված մատչում 500 մլն-անոց եվրոպական շուկային, որպեսզի վաճառքներն ավելանան, ներդրումներ արվեն ու ստեղծվեն աշխատատեղեր»,- ասվում է բաց նամակում:
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, թե կողմ է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն: