Կորած ռադիոակտիվ նյութը գտնվել է Հարավային Իրաքում
Անհետացած խիստ վտանգավոր ռադիոակտիվ նյութն Իրաքում գտնվել է Հարավային Զուբաիր քաղաքի բենզալցակայաններից մեկի հարակից տարածքում թաղված վիճակում: Շաբաթ օրն այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարության մամլո խոսնակ Ամիր Ալին:
Ալին ասել է, որ այն վնասված չի եղել, և չկան նյութից ճառագայթման ռիսկեր: Դրա կորուստը մտահոգության տեղիք կտար. եթե այն ձեռք բերեին Իսլամական պետության զինյալները, ապա կարող էին օգտագործել՝ որպես զենք:
Անցյալ շաբաթ Reuters-ը հաղորդագրություն տարածեց, որ նոյեմբերին ռադիոակտիվ այդ նյութը գողացվել էր ԱՄՆ-ի Weatherford նավթային ընկերությանը պատկանող Հարավային Բարսա քաղաքի մոտակայքում գտնվող պահեստարաններից մեկից:
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպես է նյութը պահվել Զուբաիրում՝ Բարսայից 15 կմ հարավ-արևմուտք հատվածում: «Դրա կողքով անցնողները գտել են այն և անմիջապես տեղեկացրել անվտանգության մարմիններին, ովքեր ժամանել են այնտեղ ճառագայթումը կանխարգելող հատուկ խմբով և վնասազերծել սարքը»,- ասել է Բարսայում մարզային խորհրդի գլխավոր անվտանգության նախագահ Ջաբար Ալ Սաիդը Ռոյթերզին: Նա ավելացրել է. «Նախնական ստուգումից հետո կարող եմ վստահեցնել, որ սարքը 100 տոկոսով չի կրել որևէ փոփոխություն, և բացարձակապես ռադիացիայի վտանգ չկա»:
Համաձայն ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն)՝ նյութը դասակարգվում է ռադիոակտիվ նյութերի 2-րդ կատեգորիայում, ինչը նշանակում է, որ դրա հետ համապատասխան զգուշություն չդրսևորելու դեպքում՝ այն կարող է անդառնալի վնաս պատճառել:
Հրատարակումը պատրաստեց Սուսան Մանուկյանը