«Սիրիական բանակը ԴԱԻՇ-ի ձեռքից խլել է Հալեպ տանող միակ մայրուղին». աղբյուր
Սիրիական կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը միակ մայրուղու նկատմամբ, որը Հալեպը միավորում էր մնացած նահանգների հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր ԴԱԻՇ-ի զինյալները Ասրիյա-Խանասեր հատվածում իրենց վերահսկողության տակ են վերցրել միակ մայրուղին, որով իրականացվում է Հալեպում սիրիական զորքերի ու քաղաքի մատակարարումը:
«Բանակը հետ է խլել Ասրիյա-Խանասեր մայրուղին զինյալներից, սակայն ճանապարհը դեռ արգելափակված է: Խանասերի հյուսիսում դեռևս շարունակվում են մարտերը, որտեղից ահաբեկիչները կարող են կրակ բացել ճանապարհի ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները հասցրել են ականապատել ճանապարհի մի մասը: Մասնագետներն արդեն սկսել են ականազերծման աշխատանքներն այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է:
Մայրուղին Հալեպում սիրիական զորքերի մատակարարման միակ ուղին է, ինչպես նաև «կյանքի ճանապարհ», որով քաղաքը մատակարարվում է պարենով, վառելիքով ու կենսական այլ անհրաժեշտ իրերով:
Սիրիացի զինվորականների կարծիքով՝ ահաբեկիչներն այդ քայլով հաշվարկում էին կոտրել սիրիական բանակի առաջխաղացման տեմպը Հալեպ նահանգի հյուսիսում ու Ռաքքա նահանգի արևմուտքում: