«Դա արվում է խցանումներից խուսափելու համար». Է. Հովհաննիսյանը՝ ԱՊՊԱ համակարգում սպասվող փոփոխությունների մասին
Վթարների ժամանակ խցանումներից խուսափելու համար ԱՊՊԱ համակարգում փոփոխություններ են որոշել անել: Այսպես որակեց 2016թ. մարտի 1-ից ԱՊՊԱ համակարգում սպասվող փոփոխություններն «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Այն դեպքում, երբ վթարի մասնակիցները երկուսը կլինեն, վնասվածքը կլինի ոչ ավելի, քան 50 հազար դրամի, կլինի փոխհամաձայնություն՝ վարորդների ստորագրությամբ: Հետագայում դա այլևս փոփոխության չի ենթարկվի, ու ապահովագրական ընկերության կողմից ուսումնասիրության ժամանակ կորոշվի գումարի չափը: Դա արվել է նրա համար, որպեսզի չստեղծվեն խցանումներ»,- ասաց նա:
Իսկ ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին անդրադառնալով՝ նա նշեց, թե ինչո՞ւ պետք է վարորդը դիմի ոչ թե՝ իր, այլ՝ այլ ապահովագրական ընկերություն. «Մենք առաջարկով ենք հանդես եկել, որ քաղաքացին դիմի այն ապահովագրական ընկերությանը, ում հետ կազմել է պայմանագիրը: Այսինքն՝ գումար ակնկալողը դիմի իր ապահովագրական ընկերությանը, իսկ այսօր դիմում է այն ապահովագրական ընկերությանը, ում վարորդն է մեղավոր»: