Վարորդները դժգոհում են ԱՊՊԱ համակարգում սպասվող փոփոխություններից

Ավտովարորդ Պողոս Օղլուկյանի կարծիքով՝ ԱՊՊԱ համակարգում սպասվող փոփոխություններն անհեթեթություն են: Այսօրվա ասուլիսին նա ասաց, որ մեզ մոտ ընդունված է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ անել, որոնք իրենց կեղտոտ գործունեությունը թաքցնելու համար են. «Նախկինում, երբ վթարների ժամանակ գալիս էին ԱՊՊԱ-ի ներկայացուցիչն ու ճանապարհային ոստիկանը, լինում էին շատ մեծ խախտումներ, իսկ հիմա ընդհանրապես հնարավոր չէ՝ երկու վարորդ որոշեն, թե վնասի չափը որքան է: Պարտադիր կլինեն վեճեր, խցանումները չեն վերանալու: Սա անհեթեթ օրենք է, երևի այն ընդունողները փոքր ժամանակ հեծանիվ էլ չեն ունեցել ու չգիտեն՝ ինչպես է այդ համակարգն աշխատելու: Առանց ճանապարհային ոստիկանի ընդհանրապես հնարավոր չէ այդ հարցը լուծել»:

Ըստ նրա՝ ԱՊՊԱ համակարգն էլ է «կեղտոտված». «Բոլորը մեկը մյուսի հետ համագործակցում են, աշխատում են թանկարժեք մեքենաների սեփականատերերին միշտ սխալ հանել, որովհետև էժան մեքենաների փոխհատուցումն ավելի ցածր է»:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ ճիշտ կլինի, որ ճանապարհային ոստիկանն արձանագրություն կազմի, խցանումն արագ վերանա, ու չսպասեն ԱՊՊԱ-ին, իսկ քաղաքացիներին հորդորեց՝ ՃՈ եզրակացությունը վերցնել. «Թե չէ ընկնելու եք կրակը»:

Լրագրողի դիտարկմանը՝ դուք առաջարկում եք՝ ԱՊՊԱ-ն չգա, ու միայն ճանապարհային ոստիկանը գա, բայց մենք գիտենք, որ շատ վարորդներ հենց ՃՈ-ից են դժգոհում, որ ապօրինի որոշումներ են կայացնում, և այլն, ի վերջո, մենք բոլորս ուզում ենք, որ և՛ խցանումները վերանան, և՛ վարորդները նորմալ վարեն, վթարները քիչ լինեն, ու կոռուպցիոն ռիսկեր էլ չլինեն, հիմա ասում եք՝ ՃՈ-ի վրա թողնել, ի վերջո, գիտենք՝ ինչ համակարգ է, այսինքն՝ ինչ փոփոխություն լինում է՝ գժգոհ եք, Տիգրան Հովհաննիսյանն այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«ԱՊՊԱ-ներն իրենց շահերից ելնելով են աշխատում: ԱՊՊԱ-ները ստեղծվել են, որպեսզի վարորդների մեջ վեճեր չլինեն, իսկ հիմա այդ վեճերը տեղափոխվում են մի քանի առանցք ունեցող տեղեր՝ դատարաններ, տարբեր ԱՊՊԱ գործակալություններ, և այլն: Գործակալը գալիս է վթարի վայր. նա ներկայացել է, որպեսզի արձանագրի փաստը, թե որ մեքենան ինչ կարգի է վնասվել, իսկ ինքը գալիս է, լրիվ ուրիշ գործողություն է անում, ասում է՝ գիտե՞ս, եթե ես այս մեքենայի ղեկին նստած լինեի, դու մեղավոր կլինեիր»:

Լրագրողի հարցին՝ հիմա ԱՊՊԱ-ին հանում են, թողնում են, որ մինչև 50 հազար դրամի վնասի դեպքում վարորդներն իրենց մեջ հարցերը լուծեն, դա վա՞տ է, դե՞մ են դրան, Պողոս Օղլուկյանը պատասխանեց «Եթե մենք լինեինք եվրոպացու նման մտածող ազգ, որն այն մակարդակին է, որ այդ 50 հազար դրամի համար հաստատ իրար չէին ապտակի, ես համաձայն կլինեի այդ օրենքի հետ: Բայց այսօր մեր հայերը մեծամասամբ գիտունիկներ են»:

Տիգրան Հովհաննիսյանն էլ՝ պատասխանելով հարցին, նշեց, որ չեն ասում՝ դեմ են, այլ՝ ԱՊՊԱ-ն գա, բայց արդարացի որոշում կայացնի, դա է հարցը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից ԱՊՊԱ համակարգը գործելու է բարեփոխված տարբերակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս