Ընդդիմությունն ԱԺ-ում ահազանգում է Վարդգես Գասպարիի կալանավորման մասին

Այսօր Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորները դատապարտեցին ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանովրումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քաղաքական հայացքների համար հետապնդումը անհանդուրժելի է որևէ ժողովրդավարության համար:

«Տարին սկսվեց Գևորգ Սաֆարյանի ազատազրկմամբ, իսկ 2 օր առաջ կալանավորվել է ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ նրա համար միայն, որ իշխանությունների կամայականնությունների դեմ կազմակերպում է բողոքի ակցիաներ»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ խնդրելով արագ արձագանքել հրատապ խնդրին:

Նա նշեց, որ որևէ ժողովրդավարական երկրում խորհրդարանը՝ լինելով ժողովրդավարության բարձրագույն ատյան, ունի նաև սահմանադրական իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն: Լ.Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանի անունից բացատրություններ պահանջել ոստիկանությունից և դատախազությունից՝ Գասպարիի ապօրինի ազատարկման համար և ԱԺ-ին ներկայացնել տեղեկությունները: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայնեց, որ քաղբանտարկյալների առկայությունը ցանկացած ժողովրդավարական երկրում անթույլատրելի է.

«Մենք տեսել ենք, ցավոք սրտի, Հայաստանում ժամանակաշրջան, երբ քաղաքական բանտարկյալներ են եղել: Բայց այդ ժամանակները վաղուց անցյալում են և մնացել են նախորդ դարում»:

Ինչ վերաբերում է Գասպարիին, ապա, ըստ Շարմազանովի, համապատասխան ուժային մարմինները կներկայացնեն իրենց կարծիքը: Նա նշեց, որ որպես ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքական գործիչ, ընդունում է Լ.Զուրաբյանի՝ կարծիք արտահայտելու իրավունքը, բայց իրենք էլ ունեն իրենց կարծիքը և իրավապահ մարմինների գործողություններին խառնվելու իրավունք չունեն, սակայն, եթե տեսնեն, որ կա իրավունքների խախտում, կմիջամտեն: Է.Շարմազանովը խորհուրդ տվեց Զուրաբյանին ցանկացած հարցում քաղաքական ենթատեքստ չտեսնել.

«Իմ խորին համոզմամբ՝ այս հարցում քաղաքական ենթատեքստ չկա և Ձեզ էլ կոչ կանեմ դատավորի կամ դատախազի ֆունկցիա չվերցնել Ձեր վրա»: Լ.Զուրաբյանի դիտարկմամբ՝ Շարմազանովը շատ ավելի անհանդուրժելի վերաբերմունք դրսևորեց, քան Գալուստ Սահակյանը. «Դուք սովորական հարցը վերածում եք պրոպագադայի: Քաղբանտարկյալներից ընդհանրապես Դուք չպետք է խոսեք, որովհետև 2008–ից հետո 3 տարի շարունակ 70 մարդ բանտերում եք պահել՝ կուսակցության առաջնորդներ, ակտիվիստներ»: Պատգամավորը շեշտեց, որ իր խոսքը դրա մասին չէր, պարզապես տեղեկություն է պետք պահանջել և հայտնել խորհրդարանին:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Վարդգես Գասպարիին կալանավորել են՝ առաց դատարանում նրան լսելու, մինչդեռ օրենքը հակառակն է պահանջում: Ըստ նրա՝ քաղաքական բանտարկյալ հասկացությունն առաջին անգամ չէ Հայաստանում, նախորդ դարում և այս դարում էլ է եղել:

Նշելով, որ դահլիճում էլ կան նախկին քաղբանտարկյալներ, Փոստանջյանը զգուշացրեց, որ ազատության մեջ գտնվողները երաշխավորված չեն, որ վաղը նորից քաղբանտարկայլ չեն դառնա: Նա հայտարարեց, որ այսօր երեկոյան բողքի ակցիա է կայանալու ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի և կոչ արեց բոլորին, հատկապես քաղհալայծյալներին մասնակցել.

«Այս արատավոր երևույթը նպաստում է, որ Հայաստանից տեղի ունենա նորից արտագաղթ, նորից կապիտալի արտահոսք և ներդրումների բացակայություն»:

Ըտս Զ.Փոստանջյանի՝ այս տարի արդեն Հայաստանում կա 2 քաղբանտարյալ, դա արձանագրում են նաև միջազգային կազմակերպությունները և դա «խաղ անելու բան չէ»: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց նոր Սահմանադրությունն անցկացնելու ժամանակ իշխանությունների հայտարարությունները, թե ընդդիմության դերը բարձրանում է.

«Հիմա էս խեղճ ընդդիմությունը մի բան է ուզում՝ ինֆորմացիա տաք: Այս իրավունքն էլ չունե՞նք, բա ամոթ չի՞, բա հիմա պիտի նստենք սա քննարկե՞նք»:
Է.Շարմազանովը կոչ արեց «ոտքի վրա» չխեղաթյուրել իր ասածները և կրկնեց, որ քաղաքական մեծամասնությունը դատապարտում է ցանկացած ոտնձգություն մարդու իրավունքների դեմ:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Վարդգես Գասպարիի կալանավորման որոշումը կայցրել է Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Նելի Բաղդասարյանը և այդ կալանքի որոշման հիմքերը, շատ մեղմ ասած կասկածելի են, եթե ոչ ապօրինի: Նա նշեց, որ 2 անգամ եղել է Նուբարաշեն ՔԿՀ-ում, այցելել Գասպարիին, որն ունի առողջական խնդիրներ՝ արյան ճնշման, շաքարային դիաբետի հետ կապված.

«Տվյալ դեպքում նրան կալանքի տակ պահելը նման է խոշտանգման, մանավանդ որ այն գործով, որով ինքն անցնում է, այդ գործով առավելագույն պատիժ է սահմանված կալանքը 2-3 ամիս: Այսինքն՝ նման գործով մարդուն կալանավորելը սա արդեն որոշակի ենթադրությունների կամ հետևությունների հիմք է տալիս»:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ակտիվիստներին ճնշելու համար դրսի միջոցով օգտագործում են կրիմինալ տարրերի և Վարդգես Գասպարի հետ կատարվողը քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ է:

Ի վերջո, Է.Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան մարմինները բացատրություն կտան, ինքն էլ կխոսի նրանց հետ:

Տեսանյութեր

Լրահոս