Բաժիններ՝

Զինվորականը հրահանգել է՝ գնացեք ու հետ չգաք. «Ա1+»

«Երբ այստեղ մարդկանց հետ շփվում եմ, առաջինը, որ լսում եմ նրանցից  «գործ չկա» արտահայտությունն է: Մեր դեպքում էլ է նույնը»,- ըստ «Ա1+»-ի՝ ասում է սիրիահայ Տիրուհի Պետրոսը, որը 3 տարի առաջ որդու հետ վերադարձավ Հայաստան: Նա պատմում է, որ անչափ դժվար եւ վտանգավոր ճանապարհ են անցել Հալեպից Թուրքիա հասնելու համար:

«Մենք չգնացինք Լիբանան, քանի որ ճանապարհը փակ էր: Որոշեցինք Թուրքիայով անցնել, գալ Հայաստան, առանց երկար-բարակ մտածելու մի ճամպրուկ վերցրինք ու միանգամից ճամփա ընկանք: Փորձում էինք շատ զգույշ լինել, քանի որ  ճանապարհից մարդկանց էին փախցնում, մեզ էլ 3 անգամ կանգնեցրին, մեկ  անգամ նույնիսկ տղայիս թաքցրի, որ չտեսնեն: Շատերս  գլխաշոր էինք կապել, որ կարծեին, թե մուսուլման ենք, բայց դե իրենք գիտեին, որ մենք քրիստոնյա ենք: Սակայն մեզ ձեռք չտվին, զինվորներից մեկը միայն ինձ ասաց՝ «գնացեք ու հետ չվերադառնաք, այստեղ ավելի վատ է լինելու»: Այդպես գյուղերի միջով մի կերպ հասանք Թուրքիայի սահմանին: Այնտեղ մի քիչ հանգիստ էի, դե, մեզ էլ լավ ընդունեցին, ես էլ թուրքերեն գիտեի, թեպետ շատ չմնացինք էլ այնտեղ, վարորդը միանգամից բերեց Գյումրի. ամուսնուս քեռին իր ընտանիքով այստեղ է ապրում»:

Տիկին Տիրուհին նշում է, որ Հայաստանը շատ լավ վայր է ապրելու համար, եթե մարդն ունի աշխատանք եւ կարողանում է գոնե հոգալ որոշակի ծախսեր:

«Ես Հալեպում բուժքույր էի, ամուսինս՝ խառատ: Երբ սկսեցին սպառնալ ամուսնուս, թե կսպանեն, նա վերադարձավ այստեղ դեռ մեր գալուց առաջ: Սկզբում աշխատում էր, հետո հիվանդացավ ու դրա պատճառով աշխատանքից հեռացրին: Երբ արդեն երկար ժամանակ գործ չուներ, որոշեց գնալ Ռուսաստան, բայց  դե առանձնապես տարբերություն չզգալով՝ կրկին այստեղ վերադարձավ: Հիմա նա Երեւանում է աշխատում, ես էլ ստիպված մնում եմ Գյումրիում տղայիս մոտ, այստեղ է դպրոց գնում: Տղաս սիրեց դպրոցը, սկզբում մի փոքր նեղվում էր, ասում էր՝ «ինչու եկանք այստեղ, հետ եմ ուզում գնալ», հիմա էլ որ հարցնում եմ, Հալեպ չի ուզում վերադառնալ: Ես էլ այստեղ աշխատում էի խմորեղենի գործարանում, բայց հնարավոր չէր այլեւս մնալ,  12-14 ժամ աշխատում էի, ընդամենը  2000 դրամ էի ստանում: Հիմա Երեւան եմ գնում-գալիս, հուսամ՝ կգտնեմ մի աշխատանք: Ինձ համար կապ չունի՝ Գյումրի, Երեւան, կարեւորը աշխատանք լինի, հնարավոր լինի ապրել: Նույնիսկ կազմակերպություններին եմ դիմել այդ հարցով, քանի որ միայն նյութական օգնություն տրամադրելով չի լինի. մեկ օգնեն, երկու, հո ամբողջ կյանքս չե՞ն օգնելու:  Աշխատանք որ լինի, օգնության կարիք էլ չի լինի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս