Բաժիններ՝

Սիրիահայ Վիգենը Հայաստանից մեկնեց Հոլանդիա ու հասկացավ, որ Երևանից լավ տեղ չկա

Եթե չորս տարի առաջ Վիգեն Փիլիպոսյանին ասեին, որ Հալեպից գալու է Երեւան եւ սկսելու է խոհարարությամբ զբաղվել, փոքրիկ սրճարան է ստեղծելու ու նոր ճաշատեսակներ հորինելու, ոչ ինքը կհավատար, ոչ էլ ընտանիքը: Հալեպում կարի արտադրամաս ու կենտրոնական փողոցում երեք հսկայական խանութ ունեցող Վիգենը Սիրիայում համարվում էր հաջողակ գործարար, սակայն Երեւանում հայտնվեց փաստի առաջ. հարկավոր էր ամեն ինչ սկսել զրոյից:

Չորս տարի առաջ Հայաստան եկավ ընդամենը երկու շաբաթով` Հալեպում թողնելով ամեն ինչ: Այժմ հսկայական արտադրամասն ու խանութները փլատակ են, ապրանքներն ու արտադրամասերը` թալանված:

«Մենք չէինք ենթադրում, որ Սիրիայում պատերազմն այսպես կլիներ, այսքան կձգվեր: Մենք եկանք Երեւան եւ օդանավակայանը փակվեց: Հալեպ վերադառնալն անհնար էր եւ մնացինք այստեղ»,- ասում է Վիգենը:

Շուրջ մեկ տարի Վիգենը Երեւանում տարբեր գործեր է կատարել, փորձել է բիզնես դնել, սակայն հաջողության չի հասել: Շատերի պես նա էլ հիասթափվել ու որոշել է բախտ փնտրել Եվրոպայում. ընտանիքով մեկնել են Եվրոպա, հաստատվել Նիդերլանդներում: Սակայն այնտեղ երեք ամիս ապրելուց հետո հասկացան` Երեւանից լավ տեղ չկա: «Երեք ամիս անց, երբ պետք է կացության համար փաստաթուղթ տային, մենք հասկացանք, որ նախընտրում ենք ապրել Երեւանում եւ չլինել փախստական Եվրոպայում»,- ասում է Վիգենն ու հավելում, որ Եվրոպա մեկնելը համարում է կյանքի փորձ եւ շեշտում, որ սխալներից դասեր է քաղել: «Եթե չգնայինք, միշտ մտածելու էինք, որ դրսում ավելի լավ է լինելու, իսկ այս կերպ գիտենք, որ Երեւանից լավ տեղ չկա»,- ասում է Վիգենն ու նշում, որ Երեւանում նոր կյանք սկսելու երկրորդ փորձն ավելի հաջող էր:

Ասում են` գործարարը գործարար է ամենուր, իսկ պրոֆեսիոնալ գործարարը կարող է ցանկացած միջավայրում եւ իրավիճակում էլ բիզնես ստեղծել: Երեւանում Վիգենը հիշում է մորական պապիկին, ով Սիրիայի բանակի խոհարարն էր: Վիգենի զինվորական ծառայությունն անցել է պապիկի կողքին` զինվորական ճաշարանում. հենց այդտեղ էլ սովորել է վայրկյանների արագությամբ սոխը մանրացնել, համեմունքները միմյանց խառնելու եւ համեղ ուտեստ ստեղծելու արվեստը: Երեւանում Վիգենը հիմնում է փոքրիկ սրճարան` «Թաուկ»: Սրճարանի գլխավոր ուտեստն էլ կոչվում է Թաուկ: Հավից պատրաստվող ուտեստի բաղադրատոմսը հորինել է Վիգենը, անունը` նույնպես: Սրճարան այցելողները, որոնք օրեցօր շատանում են, խոստովանում են, որ թաուկը լուրջ մրցակից է շաուրմային:

Վիգենը շեշտում է, որ ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար հարկավոր է սեր դնել, պայքարել, հավատալ քո ուժերին ու շատ աշխատել: Այժմ Վիգենը օրական տասնչորս ժամ աշխատում է. ինքը սրճարանի տնօրենն է, խոհարարը, հավաքարարն ու մատուցողը… Ասում է` փորձել է «Թաուկ»-ը դարձնել լուսավոր մի վայր, որտեղ մարդիկ կնախընտրեն ընդմիջում անել, երեկոյան ժամանակ անցկացնել ու վայելել սիրիական ուտեստներ:

«Ամեն ուտեստի մեջ պետք է սեր դնել: Ինձ հաճախ հարցնում են, օրական հարյուրավոր ուտեստ ես պատրաստում, դժվար չէ՞ այդքան սեր ներդնել: Ես պատասխանում եմ` ոչ: Սերը սիրով է ավելանում, ինչքան շատ ես սեր դնում, այնքան շատ ստանում ես»,- ասում է Վիգենն ու հավելում, որ հաճախորդներից միայն դրական արձագանք է ստացել, շատերը բաղադրատոմսերն են հարցնում, երբեմն էլ ճշտում, թե ինչ համեմունքներ է օգտագործել:

Վիգենը պատմում է, որ պատերազմն ու անընդհատ տեղափոխություններն իր ու ընտանիքի անդամների բնավորության մեջ բավական փոփոխություններ են մտցրել: Դրանցից ամենաէականն այսօրվա օրով ապրելն է: «Մեզանից ոչ ոք ապագայի մասին չի մտածում, թե ինչ կլինի վաղը, ինչ կլինի մեկ շաբաթից ոչ ոք չգիտի, մենք չենք մտածում, թե վաղը ինչ ենք անելու կամ որտեղ ենք ապրելու»,- ասում է Վիգենն ու հավելում, որ Սիրիայում պատերազմն ապացուցեց, որ արկի մեկ պայթյունը կարող է ի չիք դարձնել ցանկացած երազանք ու նպատակ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Արմենպրես»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս