Նորարարական տագնապի ազդանշանը կպաշտպանի ձեր պայուսակը
Այլևս կարող եք չանհանգստանալ ձեր պայուսակի համար. գողության վտանգը հաղթահարված է: Շվեդիայի Լունդ համալսարանի մագիստրոսների կողմից յուրօրինակ գաղափար է մշակվել, որը շուտով կարող է կյանքի կոչվել: Այն փոքրիկ, բարձր տեխնոլոգիական տագնապի ազդանշան է, որը, հնարավոր է, շուտով վաճառքի դրվի:
«Ես Մեքսիկայի լողափերից մեկում էի և ստիպված էի առանց հսկողության թողնել պայուսակս: Բայց ջրում եղած ամբողջ ընթացքում չկարողացա հանգստանալ, քանի որ անընդհատ մտածում էի ափին թողած իրերիս մասին: Այդ էր պատճառը, որ սկսեցի մտածել խնդրին հնարավորինս լուծում տալու մասին»,- ասել է Ձեռնարկատիրության և Ինովացիոն Ծրագրի մագիստրոս, նորարարության հեղինակներից մեկը` Էնդրյու Լենցը:
Համագործակցելով Լունդ Համալսարանի Արդյունաբերական ծրագրի ուսանողներ Բո Մյոլերի և Ժիանգ Կիանի հետ, խումբը ստեղծել է տագնապի ազդանշան, որն օգտագործելով՝ Bluetooth-ը սմարտֆոնի և հագուստի միջոցով կճանաչի սեփականատիրոջը:
«Եթե ձեր պայուսակը շարժվում է, իսկ դուք անշարժ եք՝ նշանակում է, որ ինչ-որ մեկը վերցրել է այն: Այդ պահին ազդանշանը կմիանա և չի անջատվի՝ այնքան ժամանակ, քանի դեռ պայուսակը ցած չեն նետել»,- ներկայացրել է Էնդրյու Լենցը:
Այս նույն տեխնոլոգիան ազդանշան կուղարկի նաև այն դեպքում, եթե ինչ-որ մեկը փորձի դիպչել ձեր պայուսակին. սա նշանակում է, որ ձեր պայուսակն ապահով կլինի նաև քայլելու ընթացքում:
Տագնապի ազդանշանային սարքն իր տեսքով շատ նման է հիշողության կրիչին (USB), և այն կարող է տեղադրվել և պայուսակի ներսում, և դրսի կողմից՝ հատուկ ճարմանդի միջոցով: «Դուք կարող եք տագնապի աղդանշանը դնել «Չբացել» հրահանգի վրա` օգտագործելով ձեր անձնական գաղտնաբառը: Եթե կողոպտիչները բացեն պայուսակը և թալանեն այն՝ առանց տեղաշարժելու, ապա այդ դեպքում ևս ազդանշանը կմիանա»,- ասել է Էնդրյու Լենցը:
Ազդանշանային սարքը ստեղծվել է կողոպտիչների վարքագիծն ու «աշխատաոճը» խորապես ուսումնասիրելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Գայանե Սիմոնյանը